Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ամալյայի անվան մրցանակի 2019թ․-ի հաղթողների անունները հայտարարվել են նոյեմբերի 15-17-ը Բեռլինում կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, որին մասնակցում էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարության և համաշխարհային շարժման ավելի քան 100 երկրների պատվիրակներ, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։ Ամալյայի անվան մրցանակը 2019թ․-ին հանձնվել է ԹԻ Լիտվայի օրինավորության դպրոցին և ԹԻ Սողոմոնյան կղզիների գործադիր տնօրեն Ռութ Լիլոքուլային։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության` ԹԻ Ամալյայի անվան մրցանակը, որն արդեն շնորհվում է 3-րդ անգամ, սահմանվել է 2015թ.-ին ի հիշատակ ԹԻՀԿ հիմնադիր և մինչև 2010 թ. նախագահ Ամալյա Կոստանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր անձնուրաց և խիզախ պայքարի համար: Մրցանակը տրվում է 2 տարին մեկ` ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն շարժման մեջ մասնագիտական գերազանցությամբ և նորարարությամբ աչքի ընկած անձանց:

Սահմանված են մրցանակի երկու անվանակարգեր`

  • «Ազդեցություն» - տրվում է որևէ ակցիայի արդյունքում կամ ԹԻ տեղական ներկայացուցչության ջանքերով ստացված դրական փոփոխությունների համար. այնպիսի փոփոխությունների, որոնք փոխել են մարդկանց կյանքը կամ ազդեցություն են ունեցել հակակոռուպցիոն պայքարին աջակցող ինստիտուցիոնալ գործընթանցների և քաղաքականությունների վրա։
  • «Մասնագիտական գերազանցություն» - տրվում է հակակոռուպցիոն պայքարի ընթացքում մասնագիտական գերազանցության և փորձագիտության համար, որը մեծապես նպաստել է ԹԻ որևէ ներկայացուցչության կամ ընդհանուր ԹԻ-ի առաքելության առաջխաղացմանը։
«Ազդեցություն» անվանակարգում ԹԻ Ամալյայի անվան 2019թ. մրցանակը շնորհվել է ԹԻ Լիտվայի օրինավորության դպրոցին, իսկ «Մասնագիտական գերազանցություն» անվանակարգում մրցանակին արժանացել է ԹԻ Սողոմոնյան կղզիների ներկայացուցչության գործադիր տնօրեն Ռութ Լիլոքուլան:

Լիտվայում անցկացվող Թրանսփարենսի Ինթերնեշնլի օրինավորության միջազգային դպրոցն ամենամյա առաջատար հակակոռուպցիոն և հաշվետվողականության դասընթացներ է կազմակերպում ապագա առաջնորդների համար։ 2010թ.-ին տեղի ունեցած բացումից ի վեր աշխարհի 120 երկրներից ավելի քան 1200 երիտասարդ մասնագետներ, այդ թվում` ԹԻՀԿ ներկայացուցիչներ են մասնակցել դպրոցի հակակոռուպցիոն դասընթացներին:

Դասախոսությունները, սեմինարները, «արվեստը հանուն թափանցիկության» խորագրով իրականացվող ինտերակտիվ դասընթացները և պրակտիկան հնարավորություն են տալիս դպրոցի սաներին ծանոթանալու միջազգային և տեղական փորձի հմտություններին և դրանց յուրահատուկ համադրմանը: Մասնակիցները բախվում են տարբեր մարտահրավերների, որոնց լուծման համար խրախուսվում է ոչ ստանդարտ մոտեցումների կիրառումը և առաջարկվում են նորարարական լուծումներ կոռուպցիայի դեմ պայքարում:

Ռութ Լիլոքուլան ղեկավարում է Սողոմոնյան կղզիների ԹԻ ներկայացուցչությունը երկրի ժողովրդավարության համար կարևոր և դժվարին ժամանակահատվածում: Նա և իր թիմը ակտիվորեն աշխատում են քաղաքացիներին իրենց իրավունքների և հնարավորությունների, մասնավորապես՝ երկրի առաջնորդներին հաշվետու պահելու իրենց իրավունքի մասին իրազեկելու և կոռուպցիայի մասին բարձրաձայնելու անհրաժեշտության ուղղությամբ մի երկրում, որտեղ տեղեկատվության հասանելիություն բավականին խնդրահարույց է. Սողոմոնյան կղզիները բաղկացած են ավելի քան 900 կղզիներից, որոնցից շատերն ինտերնետի հնարավորություն չունեն:

«Պահանջատեր լինել. սա է այն միասնական ուղերձը, որ մենք քարզում ենք ժողովրդին»:
Ռութ Լիլոքուլա

Իր նպատակասլացությամբ և պաշտոնական լիազորությունների չարաշահման դեմ պայքարի իր համակողմանի մոտեցմամբ Ռութը հզոր ուղերձ է հաղորդում հակակոռուպցիոն շարժմանը և քաղաքացիներին` կոռուպցիան հաղթահարելի է:

ԹԻ Ամալյայի անվան մրցանակի նախորդ տարիների դափնեկիրների մասին տես ստորև դրված հղումներով:

Մեկնարկել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Ամալյայի անվան մրցանակը
2017թ. ԹԻ Ամալյայի անվան մրցանակակիրները