Գլխավոր էջ Նորություններ Ներկայացվել է իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Հայաստանում առկա առաջընթացը
Նորություններ
2019 Հոկ
29

Ներկայացվել է իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Հայաստանում առկա առաջընթացը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության, Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) քարտուղարության, «Բաց սեփականություն» նախաձեռնության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվել է իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Հայաստանում առկա առաջընթացը և շահագրգիռ կողմերի հետ քննարկել առկա խնդիրները` ապագայում դրանց լուծում տալու ուղղությամբ: ԲԿԳ-ից և «Բաց սեփականություն» նախաձեռնությունից քննարկմանը ներկա միջազգային հյուրերը ներկայացրել են աշխարհի փորձը և իրենց աջակցությունն են տրամադրել Հայաստանի կառավարությանը` այդ գործընթացն առաջ տանելու նպատակով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների  և ԶԼՄ-ների հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունել և աշխատաժողովը բացել է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա ներկայացրել է կոռուպցիայի հասցրած գլոբալ վնասներն` ի դեմս անանուն ընկերությունների, որոնց լուծումը  կարող են լինել իրական սեփականատերերին բացահայտելուն միտված աշխարհում ընթացող գործընթացները և միջազգային առաջատար կառույցների, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ շարժման կողմից ձեռնարկվող միջոցառումները: «Հայաստանն առաջատարներից է, որը ԲԿԳ 4-րդ ծրագրում ներառել է իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյանի ներդրումը: 2020թ. վերջում գրանցամատյանը բաց պետք է լինի հանրության համար: Հայաստանն արդեն իսկ սկսել էր այդ գործընթացը` 2017թ. դարձել է ԱՃԹՆ անդամ և 2016թ. իրական սեփականատերերի բացահայտման պահանջն ամրագրվել է որպես ԱՃԹՆ ստանդարտ: Ուրախ եմ, որ ՀՀ գործընկերները ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո առաջ են մղել այս օրակարգը», - նշել է Ս. Այվազյանը:

Բացման խոսքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարևորել է միջոցառումը, նշելով, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կառավարությունները գիտակցում են, որ հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկը իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկության հասանելիությունն է: «Հայաստանի իշխանությունն այսօր, ավելի քան երբևէ հավատարիմ է ԲԿԳ գործողությունների ծրագրով նախատեսված պարտավորություններին և պատրաստ է աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»,- ասել է նախարարը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն իր ելույթում նշել է, որ ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ԲԿԳ նախաձեռնությանը 2011թ. մեկնարկից ի վեր, մասնավորապես սատարելով ՀՀ կառավարությանը` միանալու ԱՃԹՆ-ին, հնարավորություն տալով Հայաստանին հավատարիմ լինել իրական սեփականատերերի թափանցիկության չափանիշներին հանքարդյունաբերության ոլորտում: «ԹԻՀԿ-ի հետ գործընկերությամբ կշարունակենք քաղաքացիական հասարակությանը ներգրավել այս ջանքերում»,- ավելացրել է Գրիզերը, նշելով, որ ԹԻՀԿ-ի գործընկերությամբ ԱՄՆ ՄԶԳ-ն հարթակ է ստեղծում համագործակցելու «Բաց սեփականության» հետ, որը, նա հուսով է, որ «հնավորություն կտա ավելի թափանցիկ միջավայր ստեղծելու և ավելացնելու ներդրումները», - եզրափակել է առաքելության տնօրենը:

Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) գլխավոր գործադիր տնօրեն Սանջայ Պրադհանը, ողջունելով Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխությունները, անդրադարձել է ԲԿԳ անկախ հաշվետվողական մեխանիզմին: Նա նշել է նաև, որ գրանցամատյանի ներդրմամբ Հայաստանը կարող է տարածաշրջանային և գլոբալ առաջատարի դեր ստանձնել այս ոլորտում` ընդլայնելով շրջանակը, ներառելով ոչ միայն արդյունահանող ճյուղերի, այլև լրատվամիջոցների իրական սեփականատերերին: Սանջայ Պրադհանը նաև շեշտել է, որ իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը նպաստում է Կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: Այն «խաղացողների» համար հավասար միջավայր և նոր ներդրումների հնարավորություն է ստեղծում` վստահեցրել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Lիանա Ղալթաղչյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը ԲԿԳ շրջանակում 14 կառավարությունների հետ միասին միացել է «Բաց սեփականատերեր առաջնորդների» թիմին՝ ձևավորելու «Գլոբալ իրական սեփականատերերի» բացահայտման հարթակ: Նրա խոսքով՝ սկսելով մետաղական հանքերի իրական սեփականատերերի բացահայտումից, կառավարությունը փուլ առ փուլ ընդլայնելու է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրման գործընթացը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։

«Բաց սեփականության» նախաձեռնության ծրագրի գործադիր տնօրեն Թոմ Թաունսենդը նշել է, որ «Բաց սեփականություն»-ն աջակցում է կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին իրականացնելու  իրական սեփականատերերի բացահայտելուն ուղղված բարեփոխումներ: «Բաց սեփականության» Հայաստանի կառավարությանը բարձրորակ աջակցություն տրամադրելու նպատակով ստորագրելիք փոխըմբռնման հուշագիրը կօգնի Հայաստանին հաղթահարել տեխնիկական մարտահրավերներն ու հնարավորություն կտա իրականացնել բարեփոխումը:

Աշխատաժողովի շրջանակում համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց սեփականություն» նախաձեռնության միջև Ռուստամ Բադասյանի և Թոմ Թաունսենդի կողմից ստորագրվել է իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովելուն ուղղված աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

ԲԿԳ-Հայաստանի և ԱՃԹՆ Հայաստանի` իրական սեփականատերերի թափանցիկության ուղղությամբ Հայաստանում գրանցված առաջընթացը ներկայացրել են համապատասխանաբար`  ՀՀ կառավարության աշխատակազմից ԲԿԳ Աշխատանքային խմբի քարտուղար  Լիլյա Աֆրիկյանը, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլjա Շուշանյանը: Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և իրական սեփականատերերի ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ Հայաստանում գրանցված առաջընթացին է անդրադարձել ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական Անի Վարդերեսյանը:

Իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը միտված տվյալների հավաքագրումը և միջազգային փորձը ներկայացրել է «Բաց սեփականություն» նախաձեռնության ծրագրերի և  քաղաքականության ավագ կառավարիչ  Լուիս Ռասսել-Պրիվատան: Իսկ բաց սեփականության համապարփակ իրականացման կարևորությունը բոլոր ոլորտներում թեմային է անդրադարձել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Այնուհետև ծավալվել է քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, առաջարկելով, որ հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումները օրինակ հանդիսանան այլ ոլորտներում ևս մշակելու իրական սեփականատերերի թափանցիկությանն ուղղված համապատասխան օրենսդրություն:  

Միջոցառման ուղիղ հեռարձակումը` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի

Միջոցառման լուսաբանումը լրատվամիջոցներում ստորև`

ArmeniaTV  Ժամը լրատվական
KentronTV  Epikentron
ArTVAzdarar
5-րդ ալիք / 5 TV
para.tv
shantnews.amarmtimes.com
1Lurer
Factor  TV  
Tert.am
Armeniasputnik.am
Hetq.am
Armenpress.am1
Armenpress.am2
Armenpress.am3, Noyan Tapanazat.tv
Pastinfo.am
1in.am
a1plus
armdaily.am, mamul.am
news.am1
news.am2
news.am3
arminfo.info-Armarminfo.info-Russarminfo.info-Eng
Aravot.amLragir.amArmlur.am
photolure.am
ArmenpressPhoto