ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2012 թ. դեկտեմբերի 17-ի դիմումի և ՀՀ քաղաքացի Նիկողոսյանի` 2012 թ. ներկայացրած երեք դիմումների հիման վրա հարուցվել է վարույթ` այն ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով: ԹԻՀԿ-ը մասնավորապես խնդրել է պարզել Գ. Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների («Ալեքսերվ» Ապեյրոն» ՍՊԸ-ն, «Մեգաֆուդ» ՍՊԸ, «Գալաքսի» սուպերմարկետ, «Մեգա մոթորս» ՍՊԸ, «Սանտա ֆե» սրճարան, «Գալաքսի» հացի գործարան, «Մեգա սպորտ» խանութների ցանց, «Խրոնոգրաֆ», «Չիմեգ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը և այդ պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը:

2013թ. մայիսի 3-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ավարտել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը և կայացրել է որոշում, որով հաստատել է եզրակացությունն այն մասին, որ դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում: