ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Ազատության» հետ զրույցում պնդում է, որ թե՛ «Էլարդ» ընկերության և թե՛ ԹԻՀԿ-ի դեռ երկու տարի առաջ արված «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտություններում երևում է, որ առնվազն պաշտոնեական անփութությունը պետք է քրեական հետապնդման հիմք դառնա․ - «Էլարդը շատ լավ վերհանել է այն բոլոր հիմքերը, որոնք պետք է հիմք հանդիսանան շարունակելու համար այդ քրեական գործը: Որովհետև այնտեղ ցույց է տրվում, թե ինչերն է, որոնց վրա ՀՀ բնապահպանության նախարարությունը (այժմ` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը) աչք է փակել»:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործման նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) պե՞տք է արվի, թե՞ ոչ` ասված է «Ազատություն» ռադիոկայանի օգոստոս 23-ի նյութում։ Նոր ՇՄԱԳ-ն անհրաժեշտ են համարում ԹԻՀԿ-ում՝ Քննչական կոմիտեին առաջարկելով մինչև այդ չկարճել Ամուլսարի քրեական գործը:

Սոնա Այվազյանը տարակուսում է, թե ինչպես է դրական եզրակցություն ստացել հանքի շահագործման ՇՄԱԳ-ը, եթե «Էլարդ»-ի փորձագիտական խումբը նույնպես հաստատել է, թե որքան թերի են եղել ուսումնասիրությունները: Նա, անդրադառնալով ԹԻՀԿ-ի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կոռուպցիոն ռիկսերի վերաբերյալ հետազոտությանը, չի կասկածում, որ ՇՄԱԳ-ի հաստատման համար տարիներ առաջ ճանապարհ է հարթել կոռուպցիան: Առանց որևէ եկամուտ ունենալու, շահույթ ունենալու «Լիդիան»-ը մուծումներ է կատարել «Լույս» և Ջերմուկի զարգացման հիմնադրամներին: Դա անշուշտ կարելի է դիտարկել որպես հնարավոր բարենպաստ վերաբերմունքի արժանանալու քայլ: «Այլ բառերով դա կարելի է կոչել կաշառք», - նշել է ԹԻՀԿ գործադիր տնօրենը:

ԹԻՀԿ-ը Քննչական կոմիտեին առաջարկում է բոլոր այս հարցերը քննության առարկա դարձնել, իսկ նախարարությանը՝ չեղյալ ճանաչել նախկինում տրված փորձաքննական եզրակացությունը:

Սկզբնաղբյուրը` «Ազատություն» ռադիոկայան