Առաջիկա ընտրություններին ընդառաջ ստորև ներկայացվում է ԹԻՀԿ փորձնակ Հարություն Մանուկյանի` ՀՀ ընտրական նոր օրենսգրքին նվիրված հոդվածաշարի հերթական հոդվածը, որը հրապարակվել է «Երևան ռիփորթ» հարթակում:

«Երբ խոսքը խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածության մասին է, միանշանակ երկուսը գերադասելի է մեկից։ Միակուսակցական պետությունները, լինեն կոմունիստական, ազգայնական, թե պարզապես կլեպտոկրատական, դաժանաբար ոչնչացնում են քաղաքացիական ազատությունները։ Իսկ կուսակցությունները կարո՞ղ են լինել չափից դուրս շատ։ Հարցը Խորհրդարանական աշխատանքային խմբի և վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի քննարկումների կենտրոնում է՝ երկու խումբ, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած արտահերթ ընտրություններին ընդառաջ հանդես են գալիս Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առաջարկներով։

Հոդվածաշարի առաջին մասում ներկայացրեցինք համամասնական ներկայացվածությամբ կուսակցական ցուցակների համակարգը, որում եթե որևէ կուսակցություն ցանկանում է մանդատ ունենալ խորհրդարանում, պետք է հատի համապետական ժողովրդական քվեարկության նվազագույն շեմը։ Ներկայիս ընտրական օրենսգրքով այդ շեմը մեկ առանձին կուսակցության համար 5 տոկոս է։ Մի քանի կուսակցություններ կարող են միավորվել՝ ընտրություններին մասնակցելով մեկ միասնական ցուցակով։ Այդպիսի դաշինք կազմելու դեպքում շեմն ավելի բարձր է՝ 7 տոկոս։

Նիկոլ Փաշինյանի Ելք դաշինքն առաջարկում է իջեցնել անցողիկ այս շեմերը`մինչև 4 և 6 տոկոս համապատասխանաբար։ Ըստ վարչապետին կից հատուկ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի՝ աշխարհի «ամենաժողովրդավարական» երկրների (The Economist Intelligence Unit-ի ձևակերպմամբ) փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջին անցողիկ շեմը 3.9 տոկոս է։

Անցողիկ շեմերի գաղափարը կիրառվում է քաղաքական գործիչների և խոշոր կուսակցությունների միավորումը խրախուսելու համար։ Տեսականորեն, քաղաքական սպեկտրի եզրում գործող «ծայրահեղական» կուսակցությունները դուրս կմնան խորհրդարանից, եթե չկարողանան գտնել սեփական գաղափարախոսությանը համակրող գործընկերներ։ Չափազանց բարձր շեմի դեպքում մեծ է ռիսկը, որ բնակչության զգալի մի մասը ներկայացված չի լինի խորհրդարանում։

Հարևան Թուրքիայում ընտրական շեմն ամենաբարձրն է՝ 10 տոկոս։ Տարիներ շարունակ սա միջոց է եղել քրդամետ կուսակցությունների՝ համամասնական ցուցակում տեղեր զբաղեցնելը կանխելու համար (չնայած այդպիսի կուսակցություններին հարող առանձին անկախ պատգամավորներին, միևնույն է, հաջողվել է հայտնվել երկրի խորհրդարանում)։ 2015 թվականի հունիսին քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը (HDP) վերջապես գերազանցեց նաև այս շեմը՝ ստանալով քվեների 13 տոկոսը, երբ արևմտյան Թուրքիայի քաղաքային կենտրոններում ընդունվեց որպես նոր առաջադիմական այլընտրանք (այս կուսակցության քաղաքականությունը ներառում է Հայոց ցեղասպանության ճանաչումը)։

Թուրքիայում 10-տոկոսանոց շեմի բացասական ազդեցությունը նկատելի էր հատկապես 2002 թվականի ընտրություններում։ Քանի որ ընտրապայքարին մասնակցում էին մեծ թվով կուսակցություններ, քվեների 45 տոկոսը բաժին ընկավ նրանց, որոնց այդպես էլ չհաջողվեց գերազանցել սահմանված այս ցուցանիշը։ Արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) ստացավ մանդատների 66 տոկոսը, չնայած հավաքել էր ընդհանուր քվեների ընդամենը 34 տոկոսը։

Ճիշտ հակառակ պատկերն է Նիդերլանդներում, որտեղ ընտրական պաշտոնական շեմ չկա։ Ցանկացած կուսակցություն, որը ստանում է բավականաչափ քվեներ՝ Ներկայացուցիչների պալատի 150 տեղից առնվազն մեկը (քվեների 0.67 տոկոսը) զբաղեցնելու համար, լիազորված է ստանալ այն։ Երկրի խորհրդարանում այժմ ներկայացված է 13 կուսակցություն։ Այսպիսի մրցակցային համայնապատկերում անիմաստ է ակնկալել, որ որևէ առանձին կուսակցություն կկարողանա ստանալ մանդատների մեծամասնությունը։ Սովորաբար նման դեպքերում ստեղծվում են կոալիցիոն կառավարություններ, որոնցում իշխանությունը բաշխված է երկու կամ ավելի կուսակցություններից կազմված խմբերի միջև։ Նիդերլանդների կառավարող կոալիցիան ներկայում բաղկացած է չորս կուսակցությունից և ձևավորվել է ռեկորդային ժամանակահատվածում՝ 225 օր տևած բանակցություններից հետո։

Ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Դավիթ Հարությունյանը ոգևորված չէր Հայաստանում այսպիսի ճեղքված համակարգի ներդրման հեռանկարով, երբ Ելք դաշինքից Լենա Նազարյանն առաջարկում էր կուսակցությունների համար շեմը իջեցնել մինչև 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Ի հակադրություն այս առաջարկի՝ Հայ հեղափոխական դաշնակցության (ARF) պատվիրակությունը կարծում է, որ հնարավոր է էլ ավելի իջեցնել շեմը՝ հասցնելով 3 տոկոսի։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին մտահոգում է, որ փոշիացող ձայները վնասում են հատկապես փոքր կուսակցություններին։ 2017 թվականի ընտրություններում ՀՅԴ-ին բաժին ընկավ ընդհանուր քվեների 49 տոկոսը, բայց այն ի վերջո ստացավ 101 համամասնական մանդատների 54 տոկոսը (հոդվածաշարի հաջորդ մասում կքննարկենք, թե ազգային փոքրամասնություններին տրվող չորս լրացուցիչ տեղերն ինչպես են խեղաթյուրում պատկերը), երբ ընտրապայքարի մասնակից 9 կուսակցություններից 5-ի օգտին տրված քվեները (որոնք ընդհանուրի 9 տոկոսն են) փոշիացան անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով։

Հուլիսի 6-ին վարչապետին կից հատուկ հանձնաժողովը խորհրդակցություն անցկացրեց այդ կուսակցություններից մի քանիսի ներկայացուցիչների, ինչպես նաև արտախորհրդարանական կուսակցությունների հետ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Անժելա Խաչատրյանն աջակցություն հայտնեց ավելի ցածր՝ 4 և 6 տոկոսանոց շեմին։ Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից և Անի Զախարյանը «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունից առաջարկեցին էլ ավելի իջեցնել շեմը՝ հասցնելով 3 և 5 տոկոսի համապատասխանաբար։

Ամեն դեպքում, քննարկման առարկա չէ, որ դաշինքների համար նախատեսված շեմը պիտի լինի ավելի բարձր, քան առանձին կուսակցությունների դեպքում է։ Ընդհանրապես, այս երկուսի տարբերակումն ավելի տարածված է արևելաեվրոպական երկրներում։ Սակայն եթե ընտրական անցողիկ շեմ սահմանելու նպատակը ավելի մեծ քաղաքական միավորների խթանումն է, ապա դաշինքներին ավելի բարձր շեմով սահմանափակելն անտրամաբանական է թվում։ Հակասության հավանականություն կա, եթե ընտրություններում կուսակցությունների դաշինքը հայտնվի առանձին կուսակցության և դաշինքի շեմերի միջակայքում։ Խորհրդածելու տեղիք է տալիս նաև, թե արդյոք դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկը ավելի ցածր շեմ կապահովեր, եթե առանձին մասնակցեր ընտրապայքարին։

Գործող օրենսդրությամբ դաշինքները կարևոր են, որովհետև կուսակցությունները միավորում են խորհրդարանական «խմբակցություններում»։ Ներկայում առավելագույնը երեք խմբակցություն կարող է միավորվել՝ ձևավորելու կոալիցիոն կառավարություն և ընտրելու վարչապետ։ Նկատի առնելով հանգամանքը, որ ցածր շեմի պարագայում ավելի մեծ թվով կուսակցություններ կկարողանան հայտնվել խորհրդարանում, վարչապետին կից հատուկ հանձնաժողովը ցանկանում է վերացնել այդ սահմանագիծը, որպեսզի ցանկացած թվով խմբակցություններ կարողանան միավորվել և ձևավորել իշխող կոալիցիա, եթե ներկայացնում են խորհրդարանական մանդատների կեսից ավելին։ ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը զգուշացնում է, որ նման քայլը կարող է հանգեցնել անկայունության՝ վկայակոչելով Իտալիայի փորձը, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառավարության գործունեության միջին տևողությունը չի գերազանցել մեկ տարին. թեև հարկ է նշել, որ Իտալիայի երկպալատ խորհրդարանը լրացուցիչ բարդություններ է ստեղծում, ինչն ակտուալ չէ Հայաստանի միապալատ Ազգային ժողովի պարագայում։ Քննարկումներում Հարությունյանը այնուամենայնիվ զիջեց՝ նշելով, որ սահմանաչափը կարելի է հասցնել չորսի, բայց չի կարելի ամբողջությամբ վերացնել։ Նրա գործընկեր Արփինե Հովհաննիսյանին մտահոգում էր, որ սահմանափակման վերացման դեպքում կունենանք 40 տոկոս աջակցությամբ խոշոր կուսակցություն, որը կմնա ընդդիմադիր դաշտում. նա այս երևույթը կոչեց «փոթորկուն իրավիճակ»։ Ծառուկյան դաշինքից Սերգեյ Բագրատյանը չպաշտպանեց կոալիցիայի սահմանափակումը երեք խմբակցությամբ։ Ըստ նրա՝ ներկայացուցչական սկզբունքների պահպանումը պահանջում է միայն, որ իշխող կոալիցիան արժանանա մեծամասնության աջակցությանը, և որ 40 տոկոս աջակցությամբ կուսակցության ընդդիմադիր դաշտում մնալը միանգամայն ընդունելի է։

Ամփոփելով կարող ենք ասել, որ շեմերը կարևոր են։ 2017 թվականին Ելք դաշինքը, որը բաղկացած էր Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն (ոչ Հանրապետական) կուսակցություններից, ստացավ ընդհանուր քվեների 7.8 տոկոսը։ Եթե նրանց օգտին 122,065 քվեարկողներից 13,000-ը չմասնակցեր 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին, նրանք դուրս կմնային խորհրդարանից, նույնիսկ եթե ստանային ավելի շատ քվեներ, քան ՀՅԴ-ն, որը ներկայացել էր առանձին կուսակցական ցուցակով։ Եթե կուսակցությունների դաշինքի շեմը լիներ ոչ թե 7, այլ 8 տոկոս, արդյո՞ք Թավշյա հեղափոխություն տեղի կունենար։

Հոդվածաշարի հաջորդ մասում կքննարկենք Ազգային ժողովում գենդերային քվոտաների և ազգային փոքրամասնությունների ներկայացվածության խնդիրը»։

Տես հոդվածաշարի I մասը: Անգլերեն բնագիրը` EVN Report-ում: Թարգմանությունը` EVN Report-ի