Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ԹԻՀԿ փորձնակ, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտի հանրային կառավարման մագիստրոսի թեկնածու Հարություն Մանուկյանը, ով ներկա է եղել ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի նիստերին, «Երևան ռիփորթ» հարթակում հրապարակել է հոդվածաշար, որում ներկայացնում է Հայաստանի ընտրական համակարգն ու ընտրական խմբի առաջարկությունները: Ստորև ներկայացվում է առաջին հոդվածը:

Առաջարկներ ներկայացնող երկու մարմին

Առաջարկները հանգամանորեն քննարկելուց առաջ նախ ներկայացնենք նախապատմությունը։

Մայիսի 8-ին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու օրը, Նիկոլ Փաշինյանը խոստացավ արտահերթ ընտրություններ անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունից անմիջապես հետո, ինչը թույլ կտա կազմակերպել արդար մրցապայքար։

Եզրահանգումներ անելու համար, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, հունիսի 19-ին նա ստեղծեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հատուկ հանձնաժողով՝ կազմված հետևյալ 12 անդամներից.

- Հանձնաժողովի նախագահ. Արարատ Միրզոյան, առաջին փոխվարչապետ
- Հանձնաժողովի քարտուղար. Դանիել Իոննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և ծրագրերի համակարգող
- Արտակ Զեյնալյան, Արդարադատության նախարար
- Սուրեն Պապիկյան, Տարածքային կառավարման և զարգացման նախարար
- Հովհաննես Քոչարյան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
- Տիգրան Մուկուչյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
- Նունե Հովհաննիսյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
- Սոնա Այվազյան, «Թրանսփերընսի Ինթըրնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն
- Վարդինե Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող
- Համազասպ Դանիլյան, «Ապելլա» քաղաքականության վերլուծության և երկխոսության ինստիտուտի ավագ կրթաթոշակառու
- Աղասի Եսայան, «Ընտրական ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի նախագահ
- Վահագն Հովակիմյան, Ելք դաշինքի քաղաքական փորձագետ և նախկին լրագրող

Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ներկայացված չորս քաղաքական խմբակցությունները (կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ) համատեղ հայտարարեցին Ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի ձևավորման մասին։ Այն նույնպես բաղկացած է տասներկու անդամից, այսինքն՝ երեքական անդամ չորս խմբակցություններից յուրաքանչյուրից.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Արփինե Հովհաննիսյան, պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ
Դավիթ Հարությունյան, արդարադատության նախկին նախարար
Վիգեն Սարգսյան, պաշտպանության նախկին նախարար

Ծառուկյան դաշինք
Նաիրա Զոհրաբյան, պատգամավոր
Սերգեյ Բագրատյան, պատգամավոր
Գևորգ Պետրոսյան, պատգամավոր

Ելք դաշինք
Էդմոն Մարուքյան, պատգամավոր
Լենա Նազարյան, պատգամավոր
Գրիգորի Դոխոյան, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)
Արմեն Ռուստամյան, պատգամավոր, խմբակցության ղեկավար
Սպարտակ Սեյրանյան, պատգամավոր
Լուսինե Հովհաննիսյան, ՀՅԴ կուսակցության անդամ

Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը տարբերվում է Սահմանադրությունից, որը վերջին անգամ փոփոխության է ենթարկվել 2015 թվականի դեկտեմբերի հանրաքվեով։ Եթե Սահմանադրության կետերի մեծ մասի փոփոխությունները պահանջում են ազգային հանրաքվե, ապա Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պահանջում են միայն Ազգային ժողովի բոլոր անդամների երեք հինգերորդի (60%) քվեները՝ անկախ նրանից՝ նրանք ներկա են քվեարկությանը, թե ոչ։ Ուստիև, խորհրդարանական աշխատանքային խումբը համաձայնել է շարունակել աշխատանքը չորս խմբակցությունների միջև համաձայնության հիմքի վրա։ Իրականում, եթե Հանրապետական կուսակցության պատգամավորները կարողանան միասնական ճակատով հանդես գալ, նրանց կհաջողվի արգելք դնել ցանկացած փոփոխության վրա. հանրապետականները կազմում են խորհրդարանի անդամների 40%-ից ավելին։

Ընտրական համակարգ. կուսակցական ցուցակներ

1995 թվականից Հայաստանը կիրառում էր մի համակարգ, որը կոչվում է խառը մեծամասնական կամ մաժորիտար։ Սա նշանակում է, որ խորհրդարանի անդամներն ընտրվում էին երկու եղանակով։ Թեկնածուների առաջին խումբն ընտրարշավին մասնակցում էր աշխարհագրորեն գծված ընտրատարածքներում. յուրաքանչյուրից ընտրվում էր խորհրդարանի մեկ անդամ։ Այս մոտեցումը կոչվում է «մեծամասնական», որն իրականում ապակողմնորոշող եզրույթ է։ Ինչևէ, թեև եզրույթն ուղիղ թարգմանվում է «մեծամասնական» (մաժորիտար), գործնականում անհրաժեշտ է ձայների ոչ բացարձակ մեծամասնություն։ Հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, որն առավելագույն քվեներն է ստացել տվյալ ընտրատարածքում, և պարտադիր չէ, որ այդ քվեները գերազանցեն 50 տոկոսը, եթե թեկնածուների թիվը երկուսից ավելի է։

Երկրորդ խումբն ընտրվում էր համապետական կուսակցական ցուցակներով։ Ի լրումն տեղական թեկնածուի օգտին քվե տալուն, յուրաքանչյուր քվեարկող մեկ այլ քվեաթերթիկի վրա իր ձայնն է տալիս քաղաքական կուսակցության օգտին և քվեաթերթիկը գցում էր առանձին քվեատուփի մեջ։ «Համամասնական» այս խմբին խորհրդարանական տեղեր էին հատկացվում կախված նրանց օգտին գրանցված քվեների տոկոսից։ Յուրաքանչյուր կուսակցության ցուցակ կառուցված էր այնպես, որ տասներկու մանդատ ստանալու դեպքում ցուցակի առաջին տասներկու անդամները հայտնվում էին խորհրդարանում։ Թեև պատգամավորների այս երկրորդ խումբը բաշխվում էր ըստ կուսակցությունների՝ ժողովրդական քվեարկությամբ ստացած քվեներին համարժեք, Ազգային ժողովն ամբողջությամբ, երկու խմբերի հետ մեկտեղ, չէր արտացոլում ժողովրդի ընտրությունը ըստ ընտրատարածքների։

Տարիների ընթացքում հավասարակշռությունը փոխվեց՝ գերազանցապես ընտրատարածքային մանդատներից անցում կատարելով գերազանցապես կուսակցական մանդատների, իսկ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն պահանջեց լիարժեք համամասնական մոդել՝ ամբողջությամբ վերացնելով ընտրատարածքային տեղերը։

Վերացնելով ընտրատարածքային մանդատները՝ 2015 թվականի Սահմանադրությունն այլ մոտեցում կիրառեց աշխարհագրական սկզբունքի հարցում։ Յուրաքանչյուր ընտրատարածքից խորհրդարանի մեկ անդամ ընտրելու փոխարեն այժմ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է 13 տարածքային կուսակցական ցուցակ՝ ի լրումն սովորական համապետական կուսակցական ցուցակի։ Նոր ընտրատարածքները համընկնում են մարզերի սահմանների հետ, բացի Վայոց ձորի և Սյունիքի մարզերից, որոնք միավորվել են (Վայոց ձորի մարզն ամենանոսր բնակեցվածն է)։ Մայրաքաղաք Երևանը բաժանված է ընտրական չորս շրջանների։

Օրինակ, Լոռու մարզի քվեարկողները որևէ կուսակցության օգտին ընտրություն կատարելիս կարող են նրան նույնացնել այդ կուսակցության Լոռու մարզի տարածքային ցուցակից իրենց նախընտրած թեկնածուի հետ, չնայած պետք է նշել, որ դա կամընտրական է։ Սակայն նրանք այլևս չեն կարող քվեարկել Լոռու տեղական թեկնածուի օգտին (որն ուրիշ կուսակցությունից է), իսկ համապետական ցուցակում՝ մեկ այլ կուսակցության օգտին։ Երկուսը միասին ներկայացված են մեկ քվեաթերթիկում և նետվում են նույն քվեատուփի մեջ։

Նոր օրենքով կուսակցությանը հատկացված պատգամավորական մանդատների կեսն ընտրվում էր համապետական կուսակցական ցուցակի առաջին տեղերից։ Մյուս կեսն ընտրվում էր տարածքային ցուցակներից հետևյալ կերպ.

1. նախ որոշվում է այն ընտրատարածքը, որտեղ տվյալ կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը,
2. տարածքում ընտրվում է տվյալ կուսակցության թեկնածուն, որը ստացել է անհատական քվեների մեծ մասը (համեմատ նույն տարածքում նույն կուսակցության այլ թեկնածուների քվեների),
3. տվյալ ընտրատարածքում կուսակցության ընդհանուր քվեները բաժանվում են արդեն իսկ ընտրված թեկնածուների թվին գումարելով մեկ, ապա գործողությունը կրկնվում է առաջին քայլից, մինչև կուսակցությունը կլրացնի իրեն հատկացված մանդատները։

Կարևոր է նշել, որ այս մոտեցումը չի պահանջում ապահովել արդյունք, որի դեպքում ներկայացուցիչները հավասարապես կբաժանվեն շրջաններով։ Այն նաև չի երաշխավորում, որ կընտրվեն ամենաշատ անհատական քվեներ ստացած թեկնածուները։ Սակայն այն քվեարկողին հնարավորություն է տալիս իր ընտրությամբ ազդել հարցի վրա, թե որ թեկնածուն կներկայացնի իրեն։ Այս համակարգը նույնպես ապակողմնորոշող անվանում ունի Հայաստանում։ Այն կոչվում է ռեյտինգային բաղադրիչ։ Սակայն այն ընտրողին հնարավորություն չի տալիս իր նախասիրությամբ դասակարգել իր ընտրած կուսակցության թեկնածուներին։ Քվեարկողը կարող է ընտրել միայն մեկ մարդու։

Նոր առաջարկները

Ռեյտինգային տարածքային բաղադրիչը համակրանքի չարժանացավ մյուս բոլոր կուսակցությունների կողմից, բացի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Քանի որ տեղական ընտրատարածքային թեկնածուի օգտին տրված բոլոր քվեները նաև հաշվարկվում են թեկնածուի կուսակցության համապետական ցուցակի օգտին, կուսակցությունը կարող է օգտագործել այն իր օգտին՝ հավաքագրելով մի շարք տեղական թեկնածուների, որոնք կմրցեն միմյանց դեմ՝ բարձրացնելով իրենց կուսակցության ընդհանուր մասնակցությունը և համապետական ցուցակում ներառվածներին թույլ տալով հասնել առավելագույն հաջողության։

Դրա փոխարեն ՀՅԴ-ն հանդես է եկել առաջարկությամբ, որը, թվում է, անարդյունավետ լուծում է՝ բաց ցուցակով անսահմանափակ ռեյտինգ համապետական մակարդակում։ Յուրաքանչյուր քվեարկող հնարավորություն կունենա նշել իր նախընտրած թեկնածուին բոլոր կուսակցությունների բոլոր թեկնածուների շարքից։ Կուսակցությունները ձգտում են ներկայացնել 150 թեկնածուից բաղկացած համապետական ցուցակներ։ 2017 թվականի ընտրություններում գրանցվեց ինը կուսակցություն կամ դաշինք։ Այսպիսով, ՀՅԴ առաջարկը յուրաքանչյուր քվեարկողի թույլ կտա 1-ից 1350 թեկնածուների շարքում նշել իր նախընտրած թեկնածուին։ Չնայած համակարգը (որը կոչվում է «Մեկ փոխանցելի քվե») կիրառվում է այն երկրներում, որտեղ ընտրատարածքներում կարելի է ընտրել մեկ տարածքից մինչև յոթ ներկայացուցիչ, համապետական մակարդակում 101 ներկայացուցիչ ընտրելու համար դրա կիրառումը զգալիորեն ավելացնում է թե՛ քվեարկողի բեռը, որը ստիպված է տարբերակել հարյուրավոր թեկնածուների, թե՛ ընտրական հանձնաժողովի անդամների բեռը, որոնք պետք է հաշվարկեն արդյունքները։

Ընտրական համակարգի բառապաշարով՝ կարգավորումները, որոնք ընտրողներին թույլ են տալիս ընտրել կուսակցության թեկնածուներից, կոչվում են «բաց ցուցակով» համակարգեր, իսկ երբ հերթականությունը ֆիքսված է՝ «փակ ցուցակով» համակարգ։ Վարչապետին կից հատուկ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանը բացատրեց խորհրդարանական աշխատանքային խմբին, որ իրենք որոշել են հավանություն տալ փակ ցուցակների համակարգին, բայց իրեն զայրանում է եզրույթի բացասական հարանշանակությունը։ Նա նախընտրում է այն կոչել «ավանդական համամասանական» համակարգ՝ հստակ նշելով, որ ցուցակները հանրայնորեն հասանելի են, և որ Հայաստանը հենց կուսակցական ցուցակի մոտեցումն է կիրառել 1995 թվականից ի վեր։ Գուցե «ֆիքսված ցուցակը» ավելի նկարագրական լինի։

Վարչապետին կից հատուկ հանձնաժողովի նախնական ամփոփումներից մեկը, որը Ելք դաշինքը ներկայացրել է խորհրդարանական աշխատանքային խմբին, փակ ցուցակներով համակարգի կիրառումն է։ Հետագա մանրամասները, օրինակ՝ գենդերային ներկայացվածությունը (ներկայում՝ 25 տոկոս) կամ տարածքային ներկայացվածությունը դեռևս որոշված չեն։

Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Սերգեյ Բագրատյանը, խորհրդարանական աշխատանքային խմբին ներկայացնելով իր առաջարկությունները, համաձայնեց փակ ցուցակով մոտեցման հետ։ Նա նշեց, որ այն ամրապնդում է կուսակցությունների դերը՝ ընտրարշավը կենտրոնացնելով ոչ թե անհատների ու նրանց անձնական կապերի, այլ գաղափարների ու քաղաքականության վրա։ Այս մոտեցման շնորհիվ յուրաքանչյուր պատգամավոր մեկ կոնկրետ շրջանի շահերի վրա չափից դուրս կենտրոնանալու փոխարեն կներկայացնի պետական շահն ու աշխարհայացքը։ Նա առաջարկում էր ցուցակներում ներգրավել թեկնածուների, որոնք Երևանից դուրս են՝ պահանջելով, որ կուսակցության ցուցակում յուրաքանչյուր վեցերորդը վերջին հինգ տարիների ընթացքում բնակված լինի որևէ մարզում։ Մարզերը կդասավորվեն ըստ բնակչության՝ վերջին ազգային մարդահամարի տվյալների։ Ենթադրվում է, որ կուսակցությունից չի պահանջվի թեկնածու ունենալ Վայոց Ձորի մարզից մինչև ցուցակի 60-րդ անունը. ներկայում ոչ մի կուսակցություն 60 անդամ չունի 105 պատգամավորից կազմված Ազգային ժողովում։ Հարաբերակցությունը խախտված է, քանի որ գրանցված քվեարկողների երկու երրորդը (67 տոկոս) Երևանից դուրս են։

ՀՀԿ անդամների մեկնաբանությամբ՝ բնակության վայրի պահանջը խնդրահարույց է։ Պատգամավորների մեծ մասն ընտրվելուց հետո տեղափոխվում է Երևան՝ Ազգային ժողովում աշխատանքի անցնելու նպատակով։ Դեռևս պարզ չէ, թե ինչ գործընթացով է վավերացվելու թեկնածուի մասնակցության իրավունքը մարզային ցուցակում՝ ըստ ԲՀԿ կուսակցության առաջարկության։

Կուսակցական ցուցակներից զատ կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացում։ EVN Report-ը կշարունակի հանգամանորեն անդրադառնալ այս քննարկումներին։

Տես անգլերեն բնագիրը EVN Report-ում: Թարգմանությունը` EVN Report-ի