Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) կազմակերպությունների ցանցի շրջանակում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հզորացման գործընկերներ» ծրագիրը: Ծրագրով Արևելյան գործընկերության երկրների ութ ՀԿ-ներ ստացել են ենթադրամաշնորհ` իրականացնելու հանրային քաղաքականությունների իրականացման և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ: Հայաստանյան ենթադրամաշնորհառու կազմակերպություններից է Տարածքային զարգացման հետազոտությունների կենտրոն (ՏԶՀԿ) ՀԿ-ն, որը ծրագրի շրջանակում իրականացրել է ուսումնասիրություն:

Ս.թ. փետրվարի 14-ին տեղի է ունեցել շնորհանդես, որի ընթացքում ՏԶՀԿ-ն ներկայացրել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ առողջապահական ձեռնարկություններում իրականացվող պետական գնումների տիրույթում» ուսումնասիրությունը: Ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել առողջապահական ձեռնարկություններում դեղերի շրջանառության՝ մասնավորապես դեղերի ձեռքբերման/գնումների ոլորտում առկա համակարգային խնդիրները և դրանց արդյունքում ձևավորվող կոռուպցիոն ռիսկերը, գնահատվել է գնումների գործընթացի արդյունավետությունը՝ բուժսպասարկման ծառայությունների որակի և շահառուների կարիքի բավարարվածության տեսանկյունից։

Բացման խոսքով հանդես են եկել ՏԶՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Ուսումնասիրության մեթոդաբանությունը ներկայացրել է Սաթիկ Բադեյանը, իսկ արդյունքները` ՏԶՀԿ-ի առողջապահության փորձագետ Աշոտ Մելքոնյանը: Այնուհետև տեղի է ունեցել քննարկում:

Վարուժան Հոկտանյանը նշել է, որ կոռուպցիոն ռիսկերը ծնող տարբեր պատճառներ կան և ուսումնասիրվել է, թե գնումների պլանավորման փուլում օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերը ինչպես են առաջացնում խնդիրներ։ Այդ կոռուպցիոն ռիսկերի վերհանումը շատ կարևոր է՝ դեղերի քաղաքականությունը ճշգրիտ և հասցեական դարձնելու և չարաշահումները բացառելու համար, որոնք տեղի են ունենում արդեն դեղերի օգտագործման փուլում: Ուսումնասիրության հիմնական հետևությունն այն է, որ վերանայվի գնման քաղաքականությունը և թույլատրվի գնել բարձրորակ, թեկուզև թանկ դեղ:

Տես Թերթ.am-ի լուսաբանումը
4 մարզերում ուսումնասիրվել են կոռուպցիոն ռիսկերը դեղերի գնումների տիրույթում
Բուժհաստատությունները ստիպված են լինում գնել ոչ որակյալ դեղեր, որոնք արդյունավետ չեն. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)
Դեղերի գնումնների օրենքի հիմնական խնդիրը շուկայում առավել էժան գնով ուղորդվելն է. Աշոտ Մելքոնյան