Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը դիտորդական առաքելություն է իրականացրել ս.թ. հոկտեմբերի 8-ի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա Սիվիլնեթի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Վրաստանում ընտրությունները մի քանի քայլ առաջ են հայաստանյան ընտրություններից` որոշակի վստահություն կա ընտրությունների նկատմամբ, ընտրությունների միջոցով արդեն եղել է իշխանափոխություն: Ընտրատեղամասում կան վերահսկողության մի շարք գործիքներ` ստորագրած ընտրացուցակները բաց են և քաղաքացիների նկարներով, կրկնաքվեարկության հարցը լուծվել է մատների թանաքոտման միջոցով` անզեն աչքով չերևացող փչվող թանաքը տեսանելի է դառնում ուլտրամանուշակագույն լույսով: «Կարուսելի» խնդիրը դժվար է, քանի որ քվեաթերթիկը ծրարի մեջ է դրվում քվեախցից դուրս: Հետազոտությունը վկայում է, որ Վրաստանի ընտրություններում ձայները հիմնականում տեղավորվում են Գաուսի կորի մեջ` ցույց տալով իրական մասնակցության ու իրական ձայների թիվը, մինչդեռ Հայաստանում այդ շեղումը շատ մեծ է լինում:

Որպես հետխորհրդային տարածք, ընտրակեղծիքները, եթե տեղի են ունենում, նման են միմյանց: Վրաստանում օրենքով արգելք չկա 50մ շառավղով կուտակումների համար: Հիմնական ընտրախախտումները եղել են Մառնեուլի և Զուգդիդիի շրջաններում, որտեղ մրցակցությունն ուժեղ էր:

Վրաստանը գնում է երկկուսակցական համակարգի ճանապարհով: Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ը ընտրվում են համամասնական՝ կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Ընտրությունների արդյունքներով, խորհրդարան են անցել իշխող «Վրացական երազանք»-ը և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Ազգային միացյալ շարժումը: 5 տոկոսի շեմը հնարավոր է հաղթահարի նաև աջակողմյան, ազգայնական «Հայրենասերների դաշինք»-ը: