Ս.թ. հուլիսի 21-22-ին Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է 2016 թ. Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) նախաձեռնության ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանային երկխոսությանը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան տասնյակ երկրների պետական կառավարման և քաղաքացիական հասարակության 100 ներկայացուցիչներ, որոնք անդրադարձել են ԲԿԳ 2016-2018 թթ. գործողությունների ծրագրերի հրատապ խնդիրներին: Աշխատաժողովի նպատակն էր փորձի փոխանակման և միմյանցից սովորելու հնարավորություն ընձեռել, ներկայացնել և հետադարձ կապ ստանալ գործողությունների առաջիկա ծրագրերի մասին, վեր հանել գործողությունների ծրագրերի հետ կապված աջակցության պահանջները:

Քննարկումների ժամանակ արծարծվել են բազմազան, այս թվում՝ բաց տվյալներին, ֆինանսական և օրենսդրական տվյալների, բնական ռեսուրսների, հանրային ծառայությունների մատուցման բացությանն առնչվող, կայուն զարգացման նպատակների ուղղությամբ կառավարման բացությանը և բաց կառավարման նախաձեռնությունների իրականացմանն ու մոնիտորինգի ուժեղացմանը նվիրված թեմաներ` ավելի լավ արդյունքներ ստանալու համար: