Ս.թ. հուլիսի 15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկմանը, որի ընթացքում կարծիքներ ու առաջարկություններ են արտահայտվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակն ամրագրող նոր իրավական փաստաթղթի վերաբերյալ: Վարուժան Հոկտանյանը բանախոսել է «Կոռուպցիայի դեմ պայքարը. խոստումներ և իրականություն» թեմայով:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ տարբեր խոստումներ են տրվում, օրինակ՝ 2016 թ. մայիսի 12-ին հայտատրություն արվեց մենաշնորհների դեմ պայքարի և Հայաստանում կոռուպցիայի արմատական պատճառներից մեկի՝ շահերի բախման կանխարգելման վերաբերյալ, ինչն առաջին հերթին նշանակում է բիզնեսի և քաղաքականության տարանջատում, երբ պատգամավորներն ու նախարարներն ունեն մեծ բիզնեսներ կամ տանիք են այդ բիզնեսների համար: Ինչ վերաբերում է մենաշնորհների դեմ պայքարին, հայտարարում են, թե մենաշնորհ չի, գերիշխող դիրք է: Մինչդեռ օլիգոպոլիաների գոյությունը տարբեր ոլորտներում բերում է այն իրավիճակին, որ անհասկանալի է դառնում, թե տրված խոստումներն, ինչպես կկատարվեն: Հոկտանյանը հիշեցրել է, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին նախազգուշացրել էր, որ եթե կոռուպցիայի դեմ տեսանելի ու արդյունավետ պայքար չմղվի և լինի իմիտացիա, ԵՄ-ն չի հատկացնի այդ նպատակով նախատեսված 15 մլն եվրոն:

Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի ժամանակ, և այն խնդիրները, որոնք ի հայտ եկան կապված բանակի հետ, անուղղակի ինդիկատոր են, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում: Կարևորը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներն են, այլ դրանց կատարումը: Իսկ խոստումները չեն կատարվում Հայաստանի տնտեսական համակարգի ու անկախ դատական համակարգ չլինելու պատճառով: Հետևաբար՝ կոռուպցիայի դեմ լուրջ պայքար կարող է ծավալվել տնտեսական համակարգի արմատական փոփոխության և ազատ ու արդար ընտրությունների անցկացման միջոցով, որի արդյունքում կլինի վերնախավերի փոփոխություն, ինչն իշխանությանը կստիպի իսկապես թափանցիկ ու հաշվետու լինել:

Տես Վարուժան Հոկտանյանի ելույթը 1:25 րոպեից: