Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու ս.թ. մայիսի 13-ի հայտարարությանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասել է՝ ԵՄ դեսպանը Հայաստանի իշխանություններին նախազգուշացրել էր, որ եթե կոռուպցիայի դեմ տեսանելի ու արդյունավետ պայքար չմղվի և լինի իմիտացիա, ԵՄ-ն չի հատկացնի այդ նպատակով նախատեսված 15 մլն եվրոն:

Ըստ Հոկտանյանի ՝ հիմնականում խոսքը մասնագիտացված ու անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին է, որի ստեղծումը նաև ԵՄ կողմից Հայաստանին հատկացվող բյուջետային աջակցության նախապայմաններից մեկն է եղել: Այնինչ, վարչապետի ելույթում այդ մարմնի մասին ոչինչ չի ասվել: Հայաստանի կառավարությունը հենց սկզբից էլ նպատակ չուներ նման մարմին ստեղծել՝ ելնելով տարբեր նկատառումներից:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ դեռևս 2009-2010 թ.թ. երկրորդ հակակոռուպցիոն ռազմավարության ժամանակ նախատեսվում էր մասնագիտացված մարմին ստեղծել քարտուղարության տեսքով, որն այդպես էլ չստեղծվեց:

Հոկտանյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լիներ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների ածանցյալը, որին կհաջորդեին դատական ոլորտի, վարչարարության լուրջ բարեփոխումները: Այդ համատեքստում պետք է սահմանվեր հակակոռուպցիոն ռազմավարություն և միաժամանակ այն ինստիտուցիոնալ համակարգը, որն այդ ռազմավարության իրականացումը կպահանջեր: Աշխատանքները պետք է սկսվեին տնտեսական և քաղաքական ոլորտներում լրջագույն բարեփոխումներով՝

  • կուսակցական համակարգի կայացում,
  • նորմալ ընտրությունների անցկացում,
  • մենաշնորհների դեմ պայքար,
  • բիզնեսի և քաղաքական շահերի բախման բացառում,
  • իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմների ներդրում:

Այս ամենը երբ չի լինում, կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է ձևական:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ Վարուժան Հոկտանյանն ասել է, որ նախկինում էլ են եղել նման հայտարարություններ՝ խոշորին գլխից բռնելու և այլնի վերաբերյալ: Իրավիճակն այլևս չի կարող այսպես շարունակվել, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Այսինքն՝ կամ իրոք համակարգային փոփոխություններ կլինեն, կամ ուղղակի կարող ենք պետականության և տնտեսության կոլապսի գնալ: «Արդեն դեօֆշորիզացիայի պրոցեսն սկսվել է, տրանսֆերտները կտրուկ նվազել են, և տնտեսական և քաղաքական առումով դժվար է ոչ մրցունակ համակարգով շարունակելը: Պետք էր ասել, թե ազատ մրցակցությունը խթանելու համար ինչ կոնկրետ քայլեր պետք է արվեն մաքսային, հարկային ոլորտներում»:

Տես նյութը Lragir.am-ում: