Ս.թ. ապրիլի 8-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը: Ըստ «Հետքի» ս.թ. ապրիլի 18-ի հրապարակման՝ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդուհանդերձ, ԹԻՀԿ-ը գտնում է, որ պաշտոնից հրաժարումը դեռևս պատասխանատվությունից ազատվելու հիմք չէ:

«hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցը ս.թ. ապրիլի 4-ի համարում հրապարակել է «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» վերտառությամբ հոդվածը, որն անդրադառնում է Միհրան Պողոսյանի՝ օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես վարելուն, իր պաշտոնը սեփական բիզնեսի զարգացման համար օգտագործելուն և եկամուտները թաքցնելուն:

ԴԱՀԿ լրատվական ծառայությունը Միհրան Պողոսյանի անունից հաղորդագրություն է ներկայացրել: Դրանում ասվում է. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։