Ս.թ. ապրիլի 8-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը:

Հիշեցնենք, որ «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցը ս.թ. ապրիլի 4-ի համարում հրապարակել է «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» վերտառությամբ հոդվածը, որն անդրադառնում է Միհրան Պողոսյանի՝ օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես վարելուն, իր պաշտոնը սեփական բիզնեսի զարգացման համար օգտագործելուն և եկամուտները թաքցնելուն:

Հրապարակման հիման վրա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում իր նախաձեռնությամբ վարույթ չի հարուցել՝ պատճառաբանելով համապատասխան դիմումի բացակայությունը:

Չկիսելով իրավական կարգավորումների վերաբերյալ հանձնաժողովի հայտնած տեսակետը, ԹԻՀԿ-ն, այդուհանդերձ, հանդես բերելով նախաձեռնողականություն՝ ապրիլի 8-ին ներկայացրել է համապատասխան դիմումը, որպեսզի հրապարակումն անհետևանք չմնա՝ հարուցվի վարույթ և ուսումնասիրվեն հրապարակման մեջ բերված բոլոր փաստերը: