ՀՀ Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը մարտի 25-ին հանդիպել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանի, իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի իրավախորհրդատու Էսթեր Հարթեյի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթին, ներկայացրել որոշ դրույթների վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք վերաբերում էին հասարակական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքին, կամավորների վերաբերյալ հոդվածին, դատարան դիմելու հնարավորությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ ստեղծելու սահմանափակումներին:

Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջարկները հանձնաժողովում քննարկվել են: Ըստ հանձնաժողովի նախագահի` հանձնաժողովի անդամների կարծիքով ևս մի շարք դրույթներ խնդրահարույց են և հստակեցման կարիք ունեն: Շնորհակալություն հայտնելով առաջարկների համար՝ Էլինար Վարդանյանը նշել է, որ պատրաստակամ են ևս մեկ անգամ քննարկելու՝ արդյունքում ունենալու համար այնպիսի փաթեթ, որն ընդունելի կլինի հասարակական կազմակերպությունների կողմից և կնպաստի նրանց գործունեությանը: