Բաց նամակ
ՀՀ Ազգային ժողովի
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
տիկին Էլինար Վարդանյանին
և հանձնաժողովի անդամներին
ՀՀ արդարադատության նախարար տիկին Արփինե Հովհաննիսյանին
Համաձայն գործող օրենսդրության, հասարակական միավորումն իրավունք ունի դատական կարգով պաշտպանելու միայն իր՝ որպես իրավաբանական անձի և իր անդամների իրավունքները: ՀԿ-ն կամ հիմնադրամը իրավասու չէ իր գործունեությունից բխող՝ հանրային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու դատարան, մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանի, ինչպես նաև այլ պետական և միջազգային կառույցների կողմից վաղուց ամրագրվել է այդ իրավունքի օրենսդրական ձևակերպման անհրաժեշտությունը: Հանրային շահերի պաշտպանության հայցով հասարակական միավորումների կողմից դատարան դիմելու իրավունքն ամրագրելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել երկու իրավական ակտերում՝«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, ինչպես նաև համապատասխան ոլորտային օրենսդրության մեջ:
Նշված իրավական ակտերում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի 180-րդ կետով սահմանված օրենսդրական բարեփոխումների իրականացման՝ պետության պարտավորության հետ: Այս առաջնահերթությունը բխում է ինչպես հանրային կյանքում հասարակական կազմակերպությունների դերի հզորացումից, այնպես էլ՝ թելադրված է Հայաստանի որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությամբ: Մասնավորապես, Եվրոպական Միության հարևանության քաղաքականության համաձայն, Գործընկեր պետությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը՝ որպես «իրապես գործող ժողովրդավարական համակարգի հիմնասյուն»:
Հիմնախնդրի օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն, որ խնդրո առարկայի վերաբերյալ ձևավորվել է խիստ իրարամերժ դատական պրակտիկա: Նույն գործով կայացվել են ՀՀ վճռաբեկ դատարանի երկու իրարամերժ որոշումներ, որոնք երկուսն էլ ստորադաս դատարանների համար ունեն նախադեպային նշանակություն (ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2009 թվակնի թիվ ՎԴ/3275/05/08 որոշում և ՀՀ վճռաբեկ դատարանի 01 ապրիլի 2011թ. թիվ ՎԴ/3275/05/09 որոշում): Եթե սրան գումարենք նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, ապա ակնհայտ է դառնում, որ առանց նորմատիվային կարգավորման իրավունքների համարժեք պաշտպանության հնարավորությունն անհնարին է դառնում՝ առաջացնելով կամայական մեկնաբանությունների և կոռուպցիոն ռիսկերի անկառավարելի դաշտ:
Իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ գրեթե բոլոր Եվրամիության երկրների ու նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ այս կամ այն չափով ամրագրված է հասարակական միավորումների կողմից հանրային շահերի դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորված է հետևյալ փաստերով՝
- ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 7-ին ընդունած ՍԴՈ-906 որոշմամբ սամանել է, որ հասարակական միավորումներին հնարավորություն է ընձեռվում հանդես գալու որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ հասարակական կազմակերպության կոնկրետ նպատակների շրջանակներում է: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը սահմանել է նաև, որ հետագա օրենսդրական զարգացումները պետք է ընթանան վերոհիշյալ իրավական դիրքորոշման հաշվառմամբ:
- ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակի վերաբերյալ 2012 թվականի տարեկան հաղորդման համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանն իր 01.04.2011թ. ՎԴ/32/75/05/09 որոշմամբ յուրովի է մեկնաբանել ՀՀ սահմանադրական դատարանի 07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն, ինչը նշանակում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը այս հարցի առնչությամբ ձևավորել է սխալ նախադեպային պրակտիկա:
- 2012 թվականի հոկտեմբերի 29-ի՝ ՀՀ նախագահի NՆԿ-159-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի 180-րդ կետով սահմանվել է հասարակական կազմակերպությունների վարչական-դատավարական իրավասուբյեկտության հիմնախնդրի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի իմպլեմենտացիայի անհրաժեշտությունը:
- 2013 թվականի հուլիսի 16-ին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կազմում գործող՝ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն կայացրել է ACCC/C/2011/62 որոշումն այն մասին, որ ՀՀ կառավարության և ՀՀ բնապահպանության նախարարության որոշումները վիճարկող «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացրած դատական հայցը վարույթ չընդունելով Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը: Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն Հայաստանի կառավարությանն առաջարկել է փոփոխություններ մտցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և Վարչական դատավարության օրենսգրքում՝ հստակորեն ամրագրելով հասարակական կազմակերպությունների՝ վարչական մարմինների գործողությունները դատական կարգով վիճարկելու իրավունքը:
Վերոնշյալից հետևում է, որ հանրային իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտության հարցում առկա է խիստ հակասական դատական պրակտիկա (նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի երկու՝ միմյանց հակասող նախադեպային որոշումներ): Այսօրինակ նախադեպային պրակտիկայի պայմաններում ՀԿ-ների դատական մատչելիության հարցում հիմնավոր կանոնակարգում կարող է արվել միայն նորմատիվային կարգավորման պարագայում:
Նշենք նաև, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակներում նշված հիմնահարցի համար տրված էր կոնկրետ իրավակարգավորում (16-րդ հոդված, 2-րդ մաս), որը որոշակի խմբագրումից հետո կարող էր լիովին համապատասխանել ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմանը և Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի առաջարկություններին:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկում ենք՝
ա/ հանձնաժողովի օրակարգում գտնվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթացում հստակ նորմատիվային կարգավորման ենթարկել հանրային իրավունքների (շահերի) պաշտպանության հարցերով հասարակական կազմակերպությունների դատական մատչելիության հիմնահարցը;
բ/ հիմնահարցի կարգավորման համար համապատասխան փոփոխություններ կատարել՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի ներկայացված նախագծում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ միասնական փաթեթով քննարկման ներկայացնելու համար:
Ի հավելումն նշենք, որ հասարակական միավորումների դատական մատչելիության վերաբերյալ սկզբունքային դրույթը ՀՀ Ազգային ժողովին ներկայացված օրենքի նախագծից հեռացնելը խախտում է ՀՀ արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ձեռք բերված փոխզիջումային համաձայնությանը:
- «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ
- «Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն» ՀԿ
- «Բանբիռ» ՀԿ
- «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամ
- «Բիոսոֆիա» ՀԿ
- «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»
- «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
- «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
- «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ
- ««Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
- «Երիտասարդների միացյալ գույներ» ՀԿ
- «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- «Էկոլուր» ՀԿ
- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
- Թուֆենկյան հիմնադրամ
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
- «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
- «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ
- «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
- «Lոռե էկո-ակումբ» ՀԿ
- «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
- ««Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ
- «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
- «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
- «Կրթության ասպարեզ» ՀԿ
- «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
- «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
- «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ
- ««Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա» ՀԿ
- «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
- «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
- «Հոգևոր Հայաստան» ՀԿ
- «Մենք պլյուս» ՀԿ
- «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
- «Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան ՀԿ
- «Միացյալ ուղի» ՀԿ
- ««Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
- «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
- «Սոցիալական արդարություն» ՀԿ
- ««Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ
- «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
- «Ունիսոն» ՀԿ
Լրացուցիչ միացել է նաև «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն: