Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-17:00-ը «Մեդիա կենտրոնում» Թրանսփարնեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կանցկացնի դասընթաց, որը կվարի ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

ԹԻՀԿ-ը իրականացնում է «ՀՀ սահմանադրական հանրաքվեի էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է վեբ կայք (հասանելի է ԹԻՀԿ www.transparency.am կայքից), որում շարունակաբար կներկայացվեն ս.թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին առնչվող ընտրական մի շարք պաշտոնական թվերի օգտագործմամբ վեր հանված հարաբերակցություններ: Մասնավորապես, ներկա փուլում, օգտագործելով ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված ընտրական ցուցակները, նշված կայքում բերված են յուրաքանչյուր հասցեում հաշվառված ընտրողների թվերը և նրանց տվյալները, ընտրողների դասակարգումն ըստ տարիքի: Բերված են այն ընտրողների տվյալները, որոնք չունեն հասցե կամ որոնց հասցեները թերի են նշված ընտրական ցուցակներում, այն ընտրողների տվյալները, որոնց մոտ բացակայում են ծննդյան ամիս/ամսաթվերը, և այլն:

Հրավիրում ենք շահագրգիռ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել դասընթացին, որի ընթացքում Վարուժան Հոկտանյանը կներկայացնի, թե ինչպես կարելի է նշված կայքից ստանալ օգտակար տվյալներ, որոնց միջոցով կարելի կլինի նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների հավանականությունը: