Ս.թ. նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի համար իրականացվող շռայլ ծախսերի մասին հրապարակումներին, հայտարարել է, որ անիրատեսական գնումներ չեն իրականացվել: «Ազատությունը» նշել էր, որ ուսումնական կենտրոնի լոգասենյակների կահավորման նպատակով բյուջեից ծախսվել է 37 միլիոն դրամ: Լոգասենյակների համար թանկարժեք պարագաները ձեռք էին բերվել մեկ անձից գնման եղանակով: Ֆինանսների նախարարության ներկայացրած պարզաբանման մեջ նշվել է, որ գնման հրավերն ուղարկվել է երեք կազմակերպության, և մրցույթի արդյունքում է հաղթող ճանաչվել «Իդեալ» խանութների ցանցը: Ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանի՝ իրականացվել է ոչ մրցակցային բնույթի գնում: «Երբ կամայական հնարավոր մատակարարի մասնակցությունը տվյալ մրցույթին սահմանափակված է, դա արդեն ոչ մրցակցային ձեռքբերում է։ Այնինչ, ՀՀ օրենսդրությամբ գնումների նախընտրելի ձևը բաց մրցույթն է»։

Պարզաբանման մեջ նախարարությունը նշել է նաև, որ ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանի կողմից տարածած տեղեկատվությունը, որ կենտրոնում առկա են միայն չորս լսարաններ, չի համապատասխանում իրականությանը: Մանուկյանը հակադարձում է՝ նախարարությունը շփոթում է լսարանները և դահլիճները.- «Լսարաններին գումարել դահլիճներ և ներկայացնել, որ դրանք ութն են, ինձ թվում է՝ աչքակապություն է»։

Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ կենտրոնը տարածաշրջանային կենտրոնի վերածելու խնդիր ունի: Փորձագետ Արտակ Մանուկյանը, հիշեցնելով, որ Կենտրոնական բանկը ևս Դիլիջանում շուրջ 150 միլիոն դոլարով նմանատիպ հաստատություն է կառուցել, հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված գերժամանակակից տնտեսություն չունեցող երկրում երկրորդ գերթանկարժեք «ուսումնական կենտրոնի» կառուցումն այն դեպքում, երբ Ֆինանսների նախարարությունն ունի ուսումնական կենտրոն Երևանում: «Այն տնտեսության համար, որտեղ կան մի շարք գերակա սոցիալական խնդիրներ, անել նման բնույթի ծախսեր, որոնք ոչ առաջնային են, իմ կարծիքով՝ շռայլություն է»,- ասել է նա։

Ֆինանսների նախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ ուսումնական կենտրոնի կառուցման համար բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 13․5 միլիարդ դրամ: Կենտրոնը պետք է շահագործման հանձնվեր տարեվերջին, սակայն ֆինանսական միջոցների սակավության պատճառով կառավարությունը որոշել է շահագործումը հետաձգել մինչև հաջորդ տարի: