Ս.թ. սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի և փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից 2015թ. մայիսի 6-ին ներկայացված բողոքի քննությունը: Բողոքը ներկայացված էր «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ քննության չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չիրականացնելու և նշված հանգամանքների շուրջ դատախազի կողմից վերահսկողություն չիրականացնելու դեմ: Բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել գործով հսկողություն իրականացնող դատախազը:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 18-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող մի քանի կազմակերպություն և մի խումբ ակտիվիստներ, հիմք ընդունելով գիշերօթիկ հաստատության աշխատակիցների՝ ԶԼՄ-ներում հրապարակված բաց նամակը, ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների, մասնավորապես, տնօրենի կողմից կատարվող յուրացումների և չարաշահումների, երեխաների նկատմամբ ծեծի և բռնության, ինչպես նաև նախարարության կողմից հնարավոր հովանավորչության վերաբերյալ:

Նախաքննական մարմնի կողմից անցած շուրջ տասնութ ամիսների ընթացքում հաղորդումը պատշաճ քննության չի ենթարկվել, քննությունն ընթացել է միակողմանի, հաղորդման մեջ նշված հանգամանքները լրիվ չեն բացահայտվել և համապատասխան մեղադրանքներ չեն առաջադրվել, ինչպես նաև գործով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել հնարավոր հովանավորչության մասով:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ս.թ սեպտեմբերի 17-ին, ժամը 17:30-ին: