Ազատություն ռադիոկայանի հարցմանն ի պատասխան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պաշտոնապես հայտնել է, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով 4 տարվա ընթացքում հանրությանն անհայտ անձանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դոլարի նվիրատվություն, երբևէ չի ներկայացրել իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագրեր: Մինչդեռ, Հանրային ծառայության մասին օրենքի 32-րդ հոդվածը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջում է ներկայացնել իրենց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքի մասին հայտարարագրեր: Այդ մասին Ազատություն ռադիոկայանը զրուցել է նաև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետ Արտակ Մանուկյանի հետ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանը 2011-2014 թ.թ. իր տարեկան հայտարարագրերում իր հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել: Արտակ Մանուկյանի խոսքով՝ առնվազն տարօրինակ է, թե ինչու էթիկայի հանձնաժողովը վարույթ չի հարուցել այս դեպքի հետ կապված: Հանրային ծառայության մասին օրենքի 28-րդ հոդվածում ասվում է, որ հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել: Այսինքն, չնայած իրավական հարթության մեջ որևէ տույժ, տուգանքի հասկացողություն չկա, բայց առնվազն հանրային պարսավանքի ներկայացնելով տվյալ փաստը, այսինքն՝ վարույթ ընդունել և դրա մասին բարձրաձայնել, իմ կարծիքով, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է որ անի»:

2012 թ. հունվարից գործող Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը մինչև այսօր չի հրապարակել գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի անուն, ով խախտել է էթիկայի նորմերը և հարստացել է պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

Տես հոդվածը Ազատություն ռադիոկայանի կայք էջում: