Ս.թ. հուլիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով: Բանախոսներն էին՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը և քաղաքագետ, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյան: Ս.թ. հուլիսի 15-ին ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանդարության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: Բանախոսները պատասխանել են, թե կառավարման համակարգի փոփոխությունները որքանով են հիմնավոր, արդյոք սահմանադրական այս փոփոխություններով լուծվում են էական խնդիրներ, խորհրդարանական մոդելի անցումը ինչքանով էր անհրաժեշտ մեր երկրի համար:

Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը: Հանրության մոտ որոշակի մտահոգություններ կար սահմանադրական փոփոխություններ գաղափարի շուրջ, որին հաջորդել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ընդունումը, որտեղ մտահոգիչ դրույթներ կային: Փոփոխությունների գաղափարը միանշանակ չի ընդունվել հանրության և մասնագետների կողմից, քանի որ սահմանադրությունը որպես հիմնական օրենք այն կայուն փաստաթուղթը պետք է լինի, որ ուղղորդող լինի կառավարման բոլոր մարմինների և իշխանության եկած բոլոր կուսակցությունների համար: Մինչդեռ Հայաստանում ամեն 10 տարին մեկ կանգնում ենք սահմանադրական փոփոխությունների շեմին, որը գովելի պրակտիկա չէ: Սահմանադրությունը չպետք է փոփոխվի այնքան, որ իջեցվի ընթացիկ օրենսդրության մակարդակի: Երբևէ չի հիմնավորվել, որ գործող Սահմանադրությունը երբևէ առաջացրել է կամ կարող էր առաջացնել կառավարման ճգնաժամ, ինչով փորձ է արվում հիմնավորել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Նա նշել է. «Կառավարման ճգնաժամի մասին մենք կարող էինք խոսել այն ժամանակ, եթե գործող Սահմանադրության իրավակարգավորումները չտային հնարավորություն լուծելու կառավարման մարմինների միմյանց հակակշռելու և միմյանց նկատմամբ փոխազդելու մեխանիզմները: Բառային խմբագրումներ, շտկումներ ցանկացած օրենքում է կարելի, բայց նման պատրվակով անել փոփոխություններ կառավարման համակարգի հետ, պետք է լիներ անհրաժեշտություն և հստակ հիմնավորում: Հարց է, թե ինչու՞ մենք հանկարծ որոշեցինք անցնել խորհրդարանական համակարգի, ընդ որում՝ ունենալով նույն ընտրական համակարգը և նույն անվստահությունն այդ համակարգի նկատմամբ»:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ սա վերարտադրության սահմանադրություն է: Փորձ է արվում սահմանադրական «հեղափոխություն» կատարել Հայաստանում և հաստատել միակուսակցական իշխանություն՝ ունենալով կայուն մեծամասնություն:

Մանրամասների համար տես Մեդիա կենտրոնի կայք էջը: