Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է անհատ հետազոտողներին, փորձագետներին՝ իրականացնելու հանրային ռեսուրների, մասնավորապես՝ անշարժ գույքի կառավարմանը վերաբերող փորձագիտական հետազոտություններ, որոնք պետք է վերաբերեն հետևյալ երեք ոլորտներից որևէ մեկին․

  1. Երևան քաղաքում եկամտային հարկի վերադարձի սկզբունքով իրականացվող կառուցապատում, ներառյալ Երևանում կառուցապատում իրականացնող կազմակերպությունների իրական շահառուների, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, կառուցապատման թույլտվություններին և դրանց տրամադրմանն առնչվող խնդիրները և պահանջներին համապատասխանությունը, հողօգտագործման իրավունքի ձևերը, շահառուների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների իրականացումը, առկա խնդիրները և այլն։
  2. Սևանա լճի ափամերձ տարածքների հողօգտագործում, ներառյալ Սևանա լճի ափամերձ տարածքների կառույցների գույքագրում/քարտեզագրումը, դրանց նկարագրությունը, կարգավիճակը, հողօգտագործման ձևը, նպատակային և գործառնական նշանակությունը, իրական շահառուների, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, առկա խնդիրները, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերը, հանրային շահի ապահովումը և այլն:
  3. Բնության հատուկ պահպանվող այլ տարածքների կամ պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների կառավարումը, ներառյալ խնդրահարույց օգտագործման քարտեզագրումը, ներգրավված կազմակերպությունների իրական շահառուների, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, հոգօգտագործմանն առնչվող խնդիրները և այլն:

Նախատեսվում է ֆինանսավորել երեք հետազոտություն՝ յուրաքանչյուրը մինչև 1, 500 000 ՀՀ դրամ ֆինանսավորման սահմանաչափով՝ ներառյալ հարկերը։

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Կիրականացվի ներկայացված հայտերի նախնական գնահատոմ` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն մրցույթային հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.

  1. Անհատի փորձը նշված ոլորտում (20 միավոր)
  2. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը (30 միավոր)
  • հիմնախնդրի ներկայացումը և արդիականության/կարիքի հիմնավորումը
  • առաջարկվող հետազոտության նպատակահարմարությունը
  • հետազոտության մեթոդաբանության/գործիքակազմի հիմնավորվածությունը
  • շահագրգիռ կողմերի ներգրավումը
  • ակնկալվող արդյունքների իրատեսական լինելը
  • իրականացման ժամանակացույցի իրատեսական լինելը։

III. Արդյունքների կիրառականությունը (30 միավոր)

  • հետազոտության արդյունքների հետագա կիրառելիությունը, օրինակ վերհանած խնդիրների հիմքի վրա իրավակարգավորումների/հանրային քաղաքականության փոփոխություններ առաջարկելու, իրավական գործընթաց նախաձեռնելու առումով

IV. Բյուջեն (20 միավոր)

  • առաջարկվող ծախսերի ողջամտությունը և հիմնավորվածությունը

Ժամանակացույց

  • Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 19-ն է։
  • Հետազոտական ծրագրերի մեկնարկը 2025 թվականի փետրվարի 1-ն է։
  • Հետազոտությունները պետք է պատրաստ լինեն մինչեւ 2024 թվականի մայիսի 15-ը:

Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը

Հայտ ներկայացնողների պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով.

Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով

Դիմումի ձև (Ծրագրի առաջարկ)

Աշխատանքային պլանը (Հավելված 1)

Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
Ծրագրում ընդգրկված անհատ(ներ)ի համառոտ կենսագրականները․

Ընտրված ոլորտում անհատ(ներ)ի կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում։

Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև 2025 թ. հունվարի 19-ը՝ օրվա վերջ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Research proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի: