Ապօրինի ձեռքբերված փողերի շրջանառության թեմայով հետաքննական լրագրողական նյութերի պատրաստման հրավեր
ԹԻՀԿ-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու հետաքննական նյութերի առաջարկներ, որոնք վերաբերում են ապօրինի ձեռքբերված փողերի շրջանառման, այդ թվում՝ փողերի լվացման և միջազգային պատժամիջոցները շրջանցելու թեմաներին:
Նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափի հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։
Հետաքննական մեկ ծրագրի ֆինանսավորման սահմանաչափը 500,000 ՀՀ դրամ է։
Մրցույթին դիմելու ժամկետը 2023 թվականի հունվարի 10-ն է։
Ծրագրերի մեկնարկը 2023 թվականի հունվարի 20-ն է։
Նյութերը պետք է պատրաստ լինեն հրապարակման մինչեւ 2023 թվականի մարտի 20-ը:
Հայտերի գնահատման չափորոշիչներ
Ներկայացված հայտերը կգնահատվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ ըստ հետևյալ չափորոշիչների.
Առաջարկվող հետաքննություն (40 միավոր)՝ խնդրի ներկայացումը և կարիքի հիմնավորումը
Արդյունքների հետագա կիրառելիությունը (30 միավոր)՝ հետաքննության բացահայտումների հիմքի վրա իրավական գործընթաց նախաձեռնելու հնարավորությունը
Բյուջեն և բյուջեի նկարագրականը (30 միավոր)՝ բյուջեի համապատասխանությունը նպատակներին և առաջարկվող ծախսերի իրատեսականությունը
Ի լրումն նշվածի՝ փորձագիտական հանձնաժողովի կողմից հաշվի են առնվելու ներկայացվող առաջարկի նորարարությունը և այլ հետաքննական նյութերին չկրկնելու հանգամանքը։
Առաջարկի ներկայացման կարգը
Հայտ ներկայացնող լրագրողները պետք է ուղարկեն հետևյալ փաթեթը`
Ծրագրի առաջարկը` ստորև ներկայացված ձևաչափով
Դիմումի ձև (ծրագրի առաջարկ)
Ծրագրի աշխատանքային պլանը (Հավելված 1)
Ծրագրային բյուջեն և դրա նկարագիրը (Հավելված 2)
Գրություն լրատվամիջոցի խմբագրից՝ հրապարակման հաստատման մասին։
Խնդրում ենք ներբեռնել կից դիմումի ձևը և հավելվածները, լրացնել դրանք, որից հետո ուղարկել ստորև նշված էլ. փոստի հասցեով։
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հունվարի 10-ը՝ օրվա վերջ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Illicit Money Flows Proposal»:
Խնդրում ենք հարցերն ուղղել գրավոր նույն հասցեով` նամակի վերնագրում նշելով «Illicit Money Flows_Questions»: