2021թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ «Ականատես» նախաձեռնությունը մեկնարկում է դիտորդական առաքելություն, որի շրջանակներում նախատեսվում է դիտարկել ԱԺ ընտրությունների նախընտրական, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացները։

Նախընտրական փուլի դիտարկումը կիրականացվի ՀՀ ողջ տարածքում գործող 60 երկարաժամկետ դիտորդների կողմից, ովքեր այս պահից սկսած կհետևեն նախընտրական գործընթացների համապատասխանությանը ՀՀ օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին։

Քվեարկության օրվա դիտարկման համար կարճաժամկետ դիտորդների հավաքագրումը ընթացի մեջ է։ Նախաձեռնությունը հրավիրում է բոլոր անաչառ և չեզոք քաղաքացիներին միանալ դիտորդական խմբին: Դիտորդական առաքելությանը միանալու պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Նախաձեռնությունն իր գործունեության ողջ ընթացքում հանդես կգա միջանկյալ և ամփոփիչ զեկույցներով և հայտարարություններով՝ հիմնված իր դիտարկումների վրա։

----

«Ականատես» դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018 թ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների, «Ռեստարտ» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամների կողմից:

Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հաստատմանը, ինչպես նաև բարձրացնել ընտրական գործընթացների հանդեպ հանրային վստահության մակարդակը։

«Ականատեսը» գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող որևէ կուսակցության/կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ: