Ոստիկանության շարունակական բռնությունների վերաբերյալ
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները։
Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։
Մասնավորապես, շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև հոգեբանական ճնշումների, վիրավորանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների այլ դրսևորումների պրակտիկան։ Վերջին շրջանում արձանագրվել են մեղադրյալների նկատմամբ բռնությունների աղաղակող դեպքեր, որոնց վերաբերյալ տեսանյութերը դարձել են նաև հանրության սեփականությունը։
Մասնավորապես, 2024 թ․ մարտի 21-ին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կադրերից ակնհայտ է ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման և անձի արժանապատվությունը նվաստացնող գործողությունների կատարումը։
2024 թ․ ապրիլի 1-ին սոցիալական հարթակներում տարածված մեկ այլ տեսանյութում ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ և վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով, սպառնալով փորձում են բերման ենթարկված Վահե Նավոյանից կորզել տեղեկություններ։ Ընդ որում, ոստիկանության օպերատիվ ծառայողների այս գործողությունները կատարվում են ոստիկանության բաժնից դուրս՝ չեզոք տարածքում՝ նպատակ ունենալով կոծկել հանցագործության իրականացման փաստը ոստիկանության բաժնում։ Ավելին, անձին ոստիկանության բաժին անմիջապես արգելանքի վերցնելուց հետո չտանելը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և անձի կարգավիճակից բխող ընթացակարգային երաշխիքների ապահովումը։ Երկար տարիներ են պահանջվել, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր երաշխիքներն ապահովվեն անձին փաստացի ազատությունից զրկելու պահից, իսկ դրանց բացակայությամբ անձին ոստիկանության բաժնից դուրս այլ վայր տանելը, ազատությունից զրկելը ժամանակին չարձանագրելն ու ազատությունից զրկված անձի երաշխիքների չապահովումը լրջագույն հետընթաց է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներից։
Մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ մարտի 21-ին ոստիկանության Մասիս քաղաքի բաժին բերման էր ենթարկվել հղի կինը իր երեք անչափահաս երեխաների հետ, ովքեր ոստիկանության բաժանմունքում, այնուհետև նաև քննչական կոմիտեում ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երկար ժամանակ չի տրամադրվել սնունդ մանկահասակ երեխաներին և հղի կնոջը՝ հոգեբանական ծանր ապրումներ առաջացնելով նրանց մոտ։
Վերոգրյալ դեպքերը բացառապես հայտնի են դրանց մասին բարձրաձայնելու կամ տեսանյութերի առկայությամբ պայմանավորված։ Մինչդեռ, ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ արժանահավատ ահազանգերի քանակը մտահոգիչ կերպով շարունակում է աճել։
Ոստիկանության ծառայողների կողմից բռնություններն ու խոշտանգումները շարունակվում են տարիներ ի վեր տոտալ անպատժելիության պայմաններում։ Քննչական և դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ և բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Անհրաժեշտ է ապահովել նաև բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։
Նման օրինակներից է նաև 2022թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որը ինչպես քննչական մարմինը, այնպես էլ դատախազությունը առանց արդյունավետ քննություն իրականացնելու փորձում էին կարճել՝ բացառելով ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչը հաստատվում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով։
Ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայության և շարունակական անգործության հետևանք են։ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ՝ ուղղված համակարգի հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, հանրային վստահության բարձրացմանը, սակայն վերոգրյալ դեպքերը փաստում են, որ իրականացված գործողությունները մակերեսային են և խորքային բարեփոխումներ տեղի չի ունեցել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարող քաղաքական ուժից․
- Իրականացնել իրական և արմատական բարեփոխումներ ՀՀ իրավապահ համակարգում՝ ոստիկանությունում, քննչական մարմիններում և դատախազությունում,
- Հեռացնել ոստիկանության և իրավապահ մյուս համակարգերից այն ծառայողներին, որոնք անցած տարիներին արատավորել են ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին և ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության և իրավապահ համակարգում,
- Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին և հանցակիցներին,
- Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում,
- Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ,
- Ներդնել և ապահովել խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը Ոստիկանության ակադեմիայում,
- Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաև բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում,
- Վերանայել ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների գնահատման չափանիշները՝ դրանցում ներառելով նախաքննությանը օրինական ապացույցներով աջակցելը և քննական հանձնարարությանը պատշաճ կատարումը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Իրավունքի կենտրոն» ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ