Մեկ անձից գնումների բնութագիրը ՀՀ-ում
Lragir.am-ը ինֆոգրաֆիկա է պատրաստել՝ հիմնված Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած Հայաստանի Հանրապետությունում մեկ անձից հանրային գնումների վերաբերյալ աշխատանքային փաստաթղթի վրա: Մեկ անձից գնումները կանոնակարգվում են ՀՀ գնումների մասին օրենքի հոդված 20-ի 5-րդ մասով: Օրենքում ներկայացված՝ մեկ անձից գնման հիմքերը հիմնականում համապատասխանում են լավագույն փորձին: Մեկ անձից գնումների մասով մոնիտորինգ իրականացնելու և եզրակացություններ կատարելու համար հիմք են հանդիսացել «e-gov.am» կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում ներկայացված տվյալները:
2011 և 2012 թվականների ընթացքում մեկ անձից ձեռքբերումների տվյալների հրապարակումն իրականացվում էր անկանոն` որոշ դեպքերում շուրջ 1 տարի ուշացումով (կայքի մեկ անձից գնումների տվյալները չէին թարմացվել 2011 թ. օգոստոս ամսից մինչև 2012 թ. հոկտեմբերը):
2013 թ. II եռամսյակից սկսած տվյալների հրապարակման գործընթացն էականորեն բարելավվել է, և ներկայումս պայմանագրերի կնքման և դրանք «e-gov.am» կայքում տեղադրման միջև տարբերությունը չի գերազանցում 10 օրը:
Միևնույն ժամանակ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ «e-gov.am» կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժինը բովանդակային առումով էական բարելավման կարիք ունի, քանի որ կան մեկ անձից գնումների կրկնվող պայմանագրեր: Կայքում ներբեռնված ահռելի տեղեկատվությունը շատ դեպքերում ուղղակիորեն կապ չունի մեկ անձից գնումների հետ, ինչը չի համապատասխանում նաև կառավարության կողմից ընդունված 1104-Ն որոշման պահանջներին:

