Ս.թ. հոկտեմբերի 17-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը և իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ակտիվորեն մասնակցել են «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով խորհրդարանական լսումներին և հանդես են եկել առաջարկություններով: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ պետական մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ստացած 21 դիմումներից 16-ը մերժվել է: Նյութերը տեղադրված են ԱԺ կայքէջում և հասանելի են հանրությանը: Ներկայացնելով ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործառույթներն ու խնդիրները` Դավիթ Հարությունյանը նկատել է, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նա հույս է հայտնել, որ լսումները կօգնեն բարեփոխելու ոլորտի օրենսդրությունը:

Մանրամասների համար այցելիր ՀՀ ԱԺ ինտերնետային կայքը