Հայաստանի կողմից ԲԿԳ իրականացման գործընթացի մշտադիտարկման արդյունքները
Ս. թ. հոկտեմբերի 15-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և գործընկերներ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրել են իրենց իրականացրած մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի ձեռնարկած քայլերը ԲԿԳ պարտավորությունների ուղղությամբ, Հայաստանի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ՀԿ-ների պատրաստած այլընտրանքային գործողությունների ծրագիրը:
Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ Հայաստանը 2011 թ. նոյեմբերին պաշտոնապես միացել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) նախաձեռնությանը: 2012 թ. փետրվարին ստեղծվել է ԲԿԳ գործողությունների ծրագրի մշակման աշխատանքային խումբ և՛ քաղաքացիական հասարակության և՛ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ գործողությունների ծրագրի կիրարկումը պետք է սկսվեր 2012 թ. ապրիլին Բրազիլիայում գագաթաժողովին ընդունվելուց հետո: ԹԻՀԿ-ը ստանձնել է երկու պարտավորություններ՝ պետական գնումների համակարգի և հակակոռուպցիոն պարտավորությունների ուղղություններով ոչ թե այն բանի համար, որ կար կոորդինացված, աշխատանքային խմբի կողմից որոշված մեխանիզմ, այլ քանի որ դրանք մշտադիտարկում է իր ծրագրերով: ԹԻՀԿ ջանքերով այդ պարտավորությունները ներառվել են գործողությունների ծրագրում:
Ինչ վերաբերում է գնումների համակարգով ՀՀ ստանձնած պարտավորություններին՝ Հոկտանյանն ասել է, որ ֆորմալ առումով դրանք կատարվել են: Առկա է էլեկտրոնային գնումների համակարգ, բայց այն թերի է: ԹԻՀԿ ինտերնետային կայքում տեղադրված է 3 հրապարակում՝ էլեկտրոնային գնումների, մեկ անձից գնումների և բողոքարկման գործընթացի վերաբերյալ: Այսպիսով, էլեկտրոնային գնումները ֆորմալ առումով կան, բայց, դեռ խնդիր է, թե ինչպես է աշխատում համակարգը: Երկրորդ՝ գնումների համակարգի տարբեր մասնակիցների համար վերապատրաստման դասընթացներ իրականացվել են, խնդիր է, թե բովանդակության առումով որքանով արդյունավետ են եղել: Երրորդ՝ վարքագծի կանոններ. դա փոխարինվել է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի ընդունումով. նախարարությունների գնումների մասնագետները որպես հանրային ծառայողներ պետք է հետևեն էթիկայի կանոններին: Գնումների աջակցման կենտրոնին դա չի վերաբերում:
Ներկա դրությամբ եղել է աշխատանքային խմբի ընդամենը 1 աշխատանքային նիստ՝ քննարկվելու 2014-16 թթ. գործողությունների ծրագիրը, որով հարցերը չեն լուծվել: Այդ նիստին հրավիրվել էին տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ և ՀԿ-ներ, որոնց առաջարկները համարյա չեն ընդունվել: Ծրագիրը դեռևս չկա: Ուղղվածությունը էլեկտրոնային կառավարումն է: Իշխանությունները պատկերացնում են, որ կառավարությունը պետք է ընդլայնի էլեկտրոնային կառավարման գործածությունը Հայաստանում, և այն, ինչ, ըստ իրենց, դուրս է գտնվում այդ ոլորտից, երևի չարժե նույնիսկ ընդգրկել:
Բաց կառավարման մոդելը լիովին տեղավորվում է այն դեկլարացիայի մեջ, որը ընդունվել է Նյու Յորքում 2011 թ. սեպտեմբերի 20-ին այդ նախաձեռնության ստեղծման գլխավոր ասամբլեայի կողմից: Այնտեղ ընդգրկված է 4 հիմնարար սկզբունք, որոնց օրգանական միացումն է, որ տալիս է բաց կառավարում: Մեր պետությունը 4-ից հետևել է միայն մեկին՝ բացություն և հաշվետվողականություն ապահովելու նպատակով նոր տեխնոլոգիաների մատչելիության ավելացմանը: Էլեկտրոնային կառավարման գաղափարը այս սկզբունքի մեջ է: Բայց երեք այլ սկզբունքներ էլ կան, որոնք եթե չեն պահպանվում, իսկապես հարցականի տակ է դրվում բաց կառավարման կոնցեպցիան: Մի սկզբունքն է պետական մարմինների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ընդլայնումը: Հասարակությունը պետք է ավելի շատ իմանա, թե ինչ են անում պետական մարմինները: Երկրորդը քաղաքացիական մասնակցությանն աջակցելն է, այսինքն՝ պետական կառավարումը պետք է շատ ավելի մասնակցային լինի, որպեսզի իսկապես կիրառվի բաց կառավարման սկզբունքը: Եվ վերջապես, երրորդը պետական կառավարման համակարգի օրինավորության բարձրագույն ստանդարտների ապահովումն է: Այսինքն՝ այդ համակարգը պետք է բարեխիղճ, էթիկայի սկզբունքներին հետևող համակարգ լինի: Այնպես որ միայն մեկ սկզբունքով սահմանափակվելը շատ քիչ է:

