«ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագիրն անդրադարձել է վերջերս կատարված աղմկահարույց բացահայտմանը Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայությունում, ուր ավելի քան տաս ձերբակալություն է տեղի ունեցել ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Քննությամբ բացահայտվել են ավելի քան 150 անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են կարգադրիչները: Չարաշահումներն ու խարդախությունը դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգից հաշված օրերի ընթացքում հասել է մինչև ստորաբաժանումներ: Այդ կապակցությամբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մտահոգիչ է համարել, որ այս դեպքում յուրացումները դիպել են ոչ թե մեկ-երկու հոգու, այլ յուրաքանչյուր քաղաքացու գրպանին:

«Սա փաստորեն իսկապես մի երեույթ է, որն անհամեմատ ավելի մեծ վնաս է հասցնում պետությանը, անհամեմատ ավելի ծանր հետևանքներ է ունենում պետության համար, քան չինովնիկական, ստորին օղակների մակարդակի կաշառակերությունը»,- նշել է Հոկտանյանը: Թեև որևէ մեկի մեղքն առայժմ հաստատված չէ, սակայն մեղադրյալներից ոմանք շտապել են պետությանը վերադարձնել խարդախության ճանապարհով յուրացրած գումարների մի մասը: Այժմ քննարկվում է որոշ կասկածյալների ձերբակալման հարցը: Գործի շրջանակում չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ:

Դատական կարգադրիչների համակարգում բացահայտված այս դեպքն իր ծավալով և ընդգրկմամբ սոցիալական չարաշահումների աղմկահարույց դեպքերի եռյակում Վազգեն Խաչիկյանի և Մարգար Օհանյանի գործերից հետո հավակնում է երրորդ հորիզոնականին: ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին տնօրեն Վազգեն Խաչիկյանը, ով այժմ ձերբակալված է, 2011 թ. հեռացվել է աշխատանքից մահացած մարդկանց կենսաթոշակները ստանալու եղանակով մոտ 113 միլիոն ՀՀ դրամ (278,000 ԱՄՆ դոլար) յուրացնելու կասկածանքով: Իսկ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, գույքի առավել խոշոր չափերի հասնող հափշտակության և ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված 218 միլիոն ՀՀ դրամ (537,000 ԱՄՆ դոլար) արժողությամբ բենզինի յուրացման համար: Դատարանի վճիռը կորոշի մեղադրյալների մեղավոր կամ անմեղ լինելը: