Ս.թ. հուլիսի 10-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ ուսանողների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների հետ հանդիպմանը: Միջոցառումից հետո http://www.irates.am-ը նրանից խնդրել է հանդես գալ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ մեկնաբանությամբ: Ասոցացման համաձայնագրից ունեցած ակնկալիքների առնչությամբ Վարուժան Հոկտանյանն ասել է, որ բանախոսության ընթացքում Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ համաձայնագրի նախաստորագրմանը հաջորդելու է գործողությունների ծրագիր:

ԹԻՀԿ գործադիր տնօրենը կարծիք է հայտնել, որ եթե ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները կյանքի կոչվեն, ժամանակի ընթացքում կարող ենք հասնել տնտեսական մենաշնորհների վերացմանը: Խնդիրն այն չէ` ինչ է հայտարարվում, խնդիրն այն է` այդ հայտարարություններն ի կատա՞ր են ածվում, թե՞ ոչ: Քաղաքական համակարգի բարեփոխումը, տնտեսական ոլորտի ազատականացումը, կոռուպցիայի դեմ պայքարի իրականցումը, նորմալ ընտրությունների անցկացումը հրամայական են: ԹԻՀԿ գործադիր տնօրենի տպավորությամբ՝ Եվրոպան, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ ավելի լուրջ է տրամադրված և հետևելու է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Նա հիշեցրել է, որ այն պետությունները, որոնք ստորագրել են ԵՄ ասոցացման համաձայնագիրը, հետագայում դարձել են անդամ պետություններ: