Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է ս.թ. մարտի 18-ին կայացած «ՔՀԿ-ների և լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ և մարտահրավերներ» խորագրով սեմինարին: Վարուժան Հոկտանյանը ելույթ է ունեցել ՔՀԿ-ների ներգրավվածությունը ՀՀ հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի իրականացմանը թեմայով: Նա անդրադարձել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի` կոռուպցիայի դեմ պայքարում ՔՀ աջակցության կոնցեպցիային, դրանում տեղ գտած միջոցառումներին, դրանց իրականացմանը, նշելով, որ 2011 թ. արդյունքների մոնիտորինգի հաշվետվությունը 2011 թ. առաջին կիսամյակից հետո թարմացված չէ:

Սեմինարը տեղի է ունեցել Եվրամիության ֆինանսավորմամբ ընթացած «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի շրջանակում: Այն քննության է առել Հայաստանի ՔՀԿ-ների և լրատվամիջոցների՝ հակակոռուպցիոն գործունեություն ծավալելու համար երկխոսության հարթակ ստեղծելու հարցը, ՔՀԿ-ների և լրատվամիջոցների դերը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգում, ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի հսկման գործընթացում ներգրավելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ազգային, տարածաշրջանային, միջազգային մակարդակներում համագործակցության մեխանիզմները և միջազգային հակակոռուպցիոն ցանցերում նրանց ինտեգրումը, մասնավոր և պետական հատվածների գործընկերությունը և կոռուպցիան մասնավոր հատվածում:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը հանդես է եկել բացման խոսքով: Սիմոնսը տեղեկացրել է, որ 2012 թ. ծրագրի իրագործման համար ԵՄ-ի կողմից ֆինանսների նախարարությանն է փոխանցվել շուրջ 15 մլն եվրո, և նախատեսվում է առաջիկա չորս տարիների ընթացքում այդ գումարը հասցնել մինչև 100 միլիոնի:

«Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի թիմի ղեկավար Լոնդա Էսաձեն ներկայացրել է «ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի լույսի ներքո ՔՀԿ-ների, մեդիայի և մասնավոր հատվածի համար հակակոռուպցիոն մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով զեկույցը: