«Սիվիլնեթ». սուտասան թվեր
«Սիվիլնեթ»-ը ներկայացրել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2013 թ. նախագահական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգը Հայաստանում ծրագրի շրջանակում անցկացրած ուսումնասիրության որոշ տվյալներ: Ըստ ԿԸՀ տվյալների` ս.թ. փետրվարի 18-ին 1 521 931 մարդ է գնացել ընտրության, ինչը կազմում է ընտրողների թվի 60%-ը: Ի դեպ, ամենաակտիվը եղել են Արարատի մարզի` 74%, այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչները` 69% մասնակցությամբ: Արմավիրցիների մասնակցությունն ընտրություններին կազմում է 57%, իսկ երևանցիներինը ` 54%: Չնայած մարդահամարի արդյունքներով բնակչության թիվը 2011-ին 2001-ի համեմատ նվազել է 131 000-ով, ընտրողների թիվը նույն ժամանակաշրջանում աճել է 202 000-ով: Իսկ ընտրողների ցուցակում առկա է, օրինակ, մինչև 18 տարեկան 5 751 մարդ, 6 315 ընտրող էլ առանց բնակարանային տվյալների է:
Ընտրություններին ամենից շատ ձայն են ստացել Սերժ Սարգսյանը` 58,6% և Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,7%: Անվավեր ճանաչված քվեաթերթիկները զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը` 3,4%: Այն տեղամասերը, որտեղ հաղթել է Սերժ Սարգսյանը, ավելի շատ քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել` 30 000, ի տարբերություն այն տեղամասերի որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որտեղ 21 000 քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել: Այն տեղամասերը, որտեղ ընտրողների կեսից քիչն է գնացել ընտրության, ձայների մեծամասնությունը` 51%-ը պատկանում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ այն տեղամասերը, որտեղ մարդկանց կեսից շատն է գնացել ընտրության, Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 59%-ը:
Ժողովրդավարությանը և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտի կատարած հետազոտության համաձայն «ազատ» պետություններում բնակչության մասնակցությունն ընտրություններում միշտ շատ ավելի բարձր է, քան «ոչ ազատ» և «մասամբ ազատ» պետություններում: Այս ընտրություններում գրանցած մասնակցության ցուցանիշը ևս մեկ անգամ փաստել է Հայաստանի «ոչ ազատ» լինելը: