Փետրվարի 14-ին ԹԻ ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2013 թ. Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի նախնական արդյունքները: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ ? Հայաստանի աջակցությամբ և նպատակ ունի ընտրական գործընթացը նկարագրող և օրենքով սահմանված մի շարք թվերի (օրինակ, ընտրողների թիվ, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվ, անճշտություններ և այլն) համադրման միջոցով վեր հանել ընտրությունների ժամանակ տեղ գտած հնարավոր խախտումները և հանդես գալ դրանց վերացմանն ուղղված առաջարկություններով:

Մոնիտորինգի այս փուլում վեր են հանվել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մշտական բնակչության և 2013 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված ՀՀ ընտրողների ցուցակի ընտրողների թվերը, հասցեների թվերն ըստ նրանցում հաշվառված ընտրողների թվի, ոչ ստանդարտ հասցեներով կամ առանց հասցեների ընտրողների թիվը, այն ընտրողների թիվը, որոնց ծննդյան օր/ամսաթվերը չեն նշված, ինչպես նաև տարբեր տեղամասերում լրիվ համընկնող տվյալներով ընտրողների թիվը:

Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ համաձայն 2001 և 2011 թվականների մարդահամարների տվյալների, ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 194,157 մարդով: Միևնույն ժամանակ, համեմատելով 2003 և 2013 թվականների ընտրողների թվերը, արձանագրվել է ընտրողների թվի աճ 202,346-ով: Հանրապետությունով մեկ առկա է առանց հասցեի կամ առանց տան/շենքի և բնակարանի հասցեի 5,715 ընտրող: Եվ վերջապես, 49,843 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան օրվա և ամսվա տվյալները:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ սրանք ընտրախախտումների մասին փաստեր չեն, բայց մտահոգություններ են առաջացնում, որ բազմակի քվեարկությունների հնարավորությունն է մեծանում: Միակ լուծումը, նրա համոզմամբ, ընտրություններից հետո քվեարկողների ցուցակները հրապարակելն է` հասկանալու ովքեր են իրականում եկել ընտրատեղամաս:

Ելնելով այս և քվեարկության օրը հավաքագրված տվյալներից (քվեարկության օրն ընտրողների մասնակցություն 3-ժամյա պարբերականությամբ, Ընտրական օրենսգրքով սահմանված անճշտությունների չափեր), ինչպես նաև ԹԻՀԿ-ի կողմից 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված նույն ուսումնասիրության տվյալների վերլուծությունից` ԹԻՀԿ-ը կներկայացնի իր առաջարկություններն` ուղղված հնարավոր խախտումները չեզոքացնելուն և ընտրություններն ավելի թափանցիկ և օրինական անցկացնելուն: