ՀԿ-ները կոչ են անում փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում
Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության հիմքն են, սակայն ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ընկալմամբ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար ձախողում են ազատ և արդար ընտրությունների իրականացումը: Ընտրական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունն արտացոլված է 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում: Գելափ կազմակերպության` վերջերս հրապարակված սոցիոլոգիական հարցման տվյալներով Հայաստանում ընտրությունների ազնվությանը հավատում է հարցման ենթարկված տղամարդկանց և կանանց ոչ ավել քան 13 տոկոսը, ընդ որում, Հայաստանը ընտրությունների արդյունքներին թերահավատորեն վերաբերվող քաղաքացիների թվաքանակով 125 երկրների շարքում զբաղեցնում է վերջից երրորդ տեղը:
ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA)-ի զեկույցի վերլուծությունները վեր են հանել ընտրակեղծիքների լայն տարածվածությունը Հայաստանում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մոնիտորինգը բացահայտել է ընտրական թվերի և ընտրողների «ծայրահեղ ակտիվ» մասնակցության մասին հակասական տվյալների հազարավոր անհամապատասխանություններ: Այս ամենին զուգահեռ, հասարակության հավատը ընտրությունների նկատմամբ սասանում են վարչական ռեսուրսի համատարած չարաշահումը իշխանության ղեկը զբաղեցնող կուսակցության կողմից, այդ թվում` ընտրողների ահաբեկումն ու կաշառումը, ընտրացուցակների ուռճացումը երկրից բացակայող քաղաքացիների հաշվին ու նրանց անունների հնարավոր օգտագործման հետ կապված կասկածները, ինչպես նաև ընտրատեղամասերում ընտրական գործընթացների անօրինականությունների՝ սովորական դարձած անպատժելիության բազմաթիվ դեպքերը:
Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպությունների` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Իրավունքի Եվրոպա միավորման», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության, «Իրավունքի գերակայություն» կազմակերպության և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», հետազոտության և մոնիտորինգի արդյունքում բացահայտվել է, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումն ու լեգիտիմությունը հարցականի տակ դնող բազմաթիվ հիմնախնդիրներ պայմանավորված են հենց ՀՀ ընտրական օրենսգրքով: 2012 թ. նոյեմբերին վերոնշյալ ՀԿ-ները ՀՀ ազգային ժողով են ներկայացրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, ինչը պատշաճ կերպով քննության չի առնվել: Իշխող կուսակցությունն ակնհայտորեն շահագրգիռ չէր վերանայելու հակասական օրենսդրությունը, ինչի մասին է վկայում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների կատարման թերացումը և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած առաջարկների դիտարկման նպատակով հրավիրված ազգային ժողովի նիստի վիժեցումը:
Որոշ պաշտոնյաների արդարացումը, թե միջազգային լավագույն փորձը չի խրախուսում ընտրական օրենսդրության փոփոխությունները ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում, միանգամայն անտեղի է ընտրություններից հանրության համատարած հիասթափության պարագայում: Առաջարկվող փոփոխությունների մի մասը չէր խաթարի ընտրությունների անցկացումը, այլ հնարավորություն կընձեռեր ապահովելու քաղաքացիների ազատ կամարտահայտումը և կվերականգներ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը: Մինչդեռ, հասարակության համատարած անվստահության և անտարբերության, ինչպես նաև լուրջ քաղաքական մրցակցության բացակայության պարագայում հարցականի տակ է դրվում ոչ արժանահավատ ընտրական գործընթացների արդյունքում իշխանության եկած ցանկացած անձի լեգիտիմությունը:
Հաշվի առնելով այն, որ կարճ ժամանակ է մնացել բարձրացված մյուս խնդիրներին անդրադառնալու համար, ՀԿ-ներն այդուհանդերձ պնդում են, որ անհրաժեշտ է ձեռք առնել միջոցներ առնվազն փարատելու ընտրացուցակների չարաշահումների հետ կապված կասկածները: Ս. թ. հունվարի 11-ին ՀԿ-ները դարձյալ դիմել են ՀՀ ազգային ժողովում ներկայացված խմբակցություններին և որոշ պատգամավորների` կոչ անելով ցուցաբերել քաղաքական կամք և պատասխանատվություն իրենց ընտրողների առջև և հրավիրել արտահերթ նստաշրջան` ՀՀ ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով` հրապարակելու ստորագրված ընտրացուցակները:
ՀԿ-ների կողմից ներկայացվող առաջարկություները նախատեսում են կատարել փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 11-ի 1-ին մասում (ապահովել ընտրողների ցուցակների հրապարակումը համապատասխան տեղամասերում և ինտերնետի միջոցով` ներառյալ գրանցումից դուրս եկածներինը և լրացուցիչ ցուցակները), հոդված 13-ում (կազմել և հրապարակել ցուցակներ և՛ իրենց նախկին հասցեից դուրս գրված, և՛ նոր հասցեում գրանցված ընտրողների համար), հոդված 31-ի 1-ին մասում (դիտորդների և լրատվամիջոցների համար ապահովել ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը) և 33-րդ հոդվածի 1-ին մասում (վստահված անձանց համար ապահովել ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը): Սույն միջոցառումները չեն պահանջում նախապատրաստական մեծածավալ աշխատանք և չեն կարող առաջացնել ցնցումներ ընտրական գործընթացներում: Դրանք ընդամենը պահանջում են քաղաքական կամքի դրսևորում՝ վերականգնելու ընտրական գործընթացների նկատմամբ խաթարված վստահությունը Հայաստանում:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի Եվրոպա միավորում
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Իրավունքի գերակայություն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ