Դեմ առ դեմ. ինչո՞ւ արդյունավետ չէ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը
Ս. թ. հուլիսի 20-ին www.aravot.am կայքով ուղիղ եթերում հեռարձակված «Դեմ առ դեմ» առցանց հաղորդման հյուրերն էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ովքեր բանավիճել են պարզելու, թե ինչու կառավարության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարը արդյունավետ չէ, թեպետ Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջին երկրներից էր, որի կառավարության կողմից պաշտոնապես ընդունվել և կիրառվել է հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիր:
Կոռուպցիայի դեմ պայքարը որպես առաջնահերթություն ամրագրվել է նաև կառավարության առնվազն վերջին 3 ծրագրերում: Այնուամենայնիվ, միջազգային հակակոռուպցիոն հեղինակավոր կազմակերպությունները շարունակում են Հայաստանը դասել այն երկրների շարքին, որտեղ առկա է համակարգային կոռուպցիա: Ավելին, տեղի է ունենում կոռուպցիայի ընկալման դանդաղ վատացում` տարեցտարի Հայաստանը Թրանսփարենսի ինթերնեշնի Կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշով գրանցում է հետընթաց:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հայաստանյան մասնաճյուղի կողմից կոռուպցիայի ընկալման վերաբերյալ հարցումների համաձայն բնակչության մոտ վստահությունը կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների հանդեպ գնալով նվազել է:
Կոռուպցիայի դեմ պայքարում առանձնացվում է 3 հիմնական բաղադրիչ` կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի բացահայտում, օրենքի կիրարկում` օրենքի գերակայություն և հասարակական աջակցություն ու հասարակության կրթություն: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2003-2007 թթ. միջոցառումների ծրագիրը բերել է բազմաթիվ իրավական ակտերի ընդունման, և 2009-2012 թթ. երկրորդ ռազմավարությունը միտված էր ոչ միայն օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, այլ նաև ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանը և համակարգային զարգացումներ նախատեսելուն: Ծրագիրը արդյունավետ չկատարելուն ինչ-որ չափով նպաստել է նաև մի ինստիտուցիոնալ խնդիր` չի ստեղծվել պրոֆեսիոնալ հատուկ մարմին` քարտուղարություն, որը կհամակարգեր հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացումը, այդ թվում` քաղաքացիական հասարակության իրական ներգրավումը ծրագրի իրականացման մեջ:
Իրավական ակտերն ընդունելուց հետո հաջորդ քայլը պետք է լիներ ռազմավարության միջոցառումների ծրագրի գործնական իրականացումը, որի գլխավոր բաղադրիչը պետք է լիներ օրենքի գերակայության հաստատումն ու անպատժելիության մթնոլորտի հաղթահարումը: Հակակոռուպցիոն քաղաքականությունը արդյունավետ չէ նաև այն պատճառով, որ քաղաքացիներն իրենց ամենօրյա կյանքում ականատես են բազմաթիվ դեպքերի, երբ աղաղակող կոռուպցիոն դեպքերին պատկան մարմինների կողմից որևէ արձագանք չի տրվում: Բնակչության մեջ հանդուրժողականության բարձր մակարդակը գալիս է նաև նրանից, որ բնակչությունը չի տեսնում կոռուպցիան բացահայտելու իշխանության իրական ցանկությունը: Հարևան Վրաստանում բնակչությունը տեսավ, որ վերևից իրական պայքար սկսվեց, ընդ որում շատ կոշտ պայքար և հնարավոր եղավ այդ ձևերով նվազեցնել կոռուպցիան: Ս. թ. հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ նշել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարը մտադիր են սկսել վերևից և պատասխանելով կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը Հայաստանում չկիրառելու հարցին ասել էր, որ Հայաստանի համար ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլուցիոն փոփոխությունների ճանապարհով:
Ըստ փոխնախարար Եղիշե Կիրակոսյանի միջին օղակներում տարվող կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, որպեսզի քաղաքացին հնարավորինս քիչ շփվի կոռուպցիայի հետ, ամենակարևորն է և ՀՀ կառավարությունը այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր է ձեռնարկել:
Պետք է զգույշ լինենք նաև, որ միջին մակարդակում կոռուպցիան հաղթահարելով, այն չհասնի վերին մակարդակ: Ըստ Վարուժան Հոկտանյանի` էվոլյուցիոն ճանապարհը կունենար առավելություն, եթե այդ ճանապարհով լուծվեին նաև երկու առաջնահերթ խնդիրներ. քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման տարանջատումը և մոնոպոլիաների սանձումը` տնտեսության դեմոնոպոլիզացիան: Էվոլյուցիոն ճանապարհով դժվար կլինի վերևների կոռուպցիան հաղթահարել: Կոռուպցիայի դեմ պայքարի էվոլյուցիոն ճանապարհը կարող էր արդյունավետ լինել, եթե իրավապահ համակարգը հստակ արձագանքեր, օրինակ, «Վիզկոն» ՍՊԸ սեփականատեր Պավել Անդերսոնի վերջին կոռուպցիոն բացահայտումներին: Փոքր վարչական կոռուպցիան հաղթահարելը` օրինակ բարեփոխումները նոտարական ծառայությունում, ճանապարհային ոստիկանությունում և այլն, չի բերի արմատական փոփոխությունների միայն այդ ոլորտներով սահմանափակվելու դեպքում: Մյուս կողմից` իշխանափոխությունը անպայմանորեն չի նշանակում, թե կոռուպցիան կնվազի: Ուկրաինայում հեղափոխություն եղավ, բայց կոռուպցիան ոչ միայն չնվազեց, այլ աճեց:
Անկհայտ է, որ առաջնահերթը քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման տարանջատումն է և տնտեսության դեմոնոպոլիզացիան: Մինչդեռ ՀՀ ԱԺ-ում նորից ունենք գործարարներ, թեպետ 2012 թ. հունվարից գործում է Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովը: ԹԻՀԿ-ը պաշտոնական հարցումներ է ուղարկել այդ հանձնաժողով, և պարզվել է, որ Էթիկայի հետ կապված որևէ վարույթ դեռևս չի իրականացվել:
Վարուժան Հոկտանյանի կարծիքով 2012թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ բնակչությունն էլ ակտիվորեն ներգրավվեց քաղաքական կոռուպցիայի խրախճանքին: Ընտրությունների տարբեր ասպեկտների մոնիտորինգի հետ կապված ԹԻՀԿ իրականացրած ծրագրերի արդյունքում պարզ դարձավ, որ կար ընտրակաշառքների և՛ պահանջարկ, և՛ առաջարկ: Կային ընտրացուցակների հետ կապված շատ լուրջ այլ խնդիրներ և այլն, որ ցույց տվեցին քաղաքական կոռուպցիայի ամբողջական պատկերը: Իրավիճակը բավականին դեպրեսիոն էր, որը զանգվածային բնույթ էր կրում: Ընտրակաշառքի բաժանումն իրականացվում էր փոխադարձ համաձայնության վրա, որը շատ մեծ մասշտաբներ ուներ, այսինքն մարդիկ չէին ժխտում, չէին հրաժարվում ընտրակաշառքի մասին: Կար նաև ինստիտուցիոնալ վախի խնդիրը, այսինքն քվեարկում էին, վախենալով, որ իշխանափոխության դեպքում կկորցնեն իրենց պաշտոնները: Սա փաստորեն ցույց է տալիս, որ մեզ մոտ դեռևս հանրային ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը անկատար են և շատ լուրջ խնդիրներ ունեն լուծելու, քանի որ իշխանության փոփոխության դեպքում պաշտոնյային կարելի է հանգիստ հեռացնել աշխատանքից:

