Հավանականությունը մեծ է, որ առաջիկա ընտրությունները նախորդ անգամների նման լինեն
«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշող որոշ գործոնների: Նրա կարծիքով իշխանությունները պետք է կոնկրետ փաստերով հիմնավորեն ընտրություններն ավելի արդար, թափանցիկ և կոռուպցիոն ռիսկերից զերծ անցկացվելու վերաբերյալ իրենց հայտարարությունը և նշեն, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Այս պահին դժվար է գուշակություններ անել` նման կլինե՞ն այս ընտրությունները բոլոր նախորդներին: Հավանականությունը մեծ է, որ դրանք նախորդ անգամների նման լինեն: Բայց ոչինչ չի կարելի բացառել: Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնց արդյունքում կարող է ինչ-որ բան փոխվել: Գործոններից մեկն այն է, թե ինչքանով ուժեղ կլինի ընդդիմությունը: Ցանկացած` նույնիսկ ավտորիտար երկրներում ընդդիմությունը կարողանում է հաջողությամբ մոբիլիզացվել: Երկրորդ՝ կարևոր է միջազգային հանրության վերաբերմունքը, երրորդ` ղարաբաղյան հակամարտության խնդիրը, այն, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանում, ինչպիսին կլինի տնտեսական իրավիճակը, արտագաղթի չափերը և այլն:
Հատկանշական է, որ բոլորն էլ խոստանում են, որ գալիք ընտրություններն առավել ազատ ու թափանցիկ են լինելու, քան նախորդները: Ըստ պարոն Հոկտանյանի նմանօրինակ խոստումները նորություն չեն: Խոստումներ և հայտարարություններ միշտ են եղել, գուցե իշխանության այս անգամվա հայտարարությունները հիմնավորված են, սակայն այս պարագայում նրանք չեն ասում, թե ինչպես են մտադիր լավ ընտրություններ անցկացնել: Հնարավոր է, որ այս ընտրությունները շատ կոռումպացված լինեն, հնարավոր է` քիչ կոռումպացված, դժվար է ասել: Քանի դեռ նախընտրական լուրջ գործընթացներ չեն ծավալվել, այս ամենի մասին դժվար է խոսել:

