ԹԻՀԿ ներկայացուցչին վերջապես հաջողվել է մասնակցել Երևանի ավագանու նիստին
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դեռևս 2010 թ. ապրիլից դիմել էր Երևանի քաղաքապետարան` խնդրելով ապահովել ավագանու նիստերին իր ներկայացուցչի մասնակցությունը` հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով ամրագրված ավագանու նիստերի հրապարակայնության սկզբունքը: Այնուհանդերձ, քաղաքապետարանի կողմից ներկայացված տարբեր պատճառաբանությունների արդյունքում ԹԻՀԿ ներկայացուցչին մինչ այժմ չէր հաջողվել մասնակցել ավագանու որևէ նիստի:
ԹԻՀԿ-ն իր իրավունքը վերականգնելու համար դիմել էր տարբեր ատյաններ` ընդհուպ մինչև դատարան: Ի վերջո` քաղաքապետարանը 2011 թ. փետրվարի 23-ին արձագանքել է ԹԻՀԿ-ի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելուն պարտավորեցնելու պահանջին և պաշտոնական նամակով թույլատրել է մասնակցությունը ավագանու նիստերին:
ԹԻՀԿ-ն ավագանու նիստերի մոնիտորինգը անցկացնում է «Երևան քաղաքում քաղաքաշինության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել քաղաքաշինության ոլորտի, մասնավորապես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և ճարտարապետական հուշարձանների պաշտպանությանն առնչվող պրակտիկային:
Մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել Հետք online-ի ինտերնետային կայքը: