2026 թ․ հունիսի 22-23-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով՝ «Ռիսկից դեպի բարեվարքություն․ ամրապնդելով տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Միջոցառումը համախմբել էր ընտրված համայնքների ներկայացուցիչներին, Էստոնացի և հայ փորձագետներին՝ քննարկելու տեղական ինքնակառավարման մակարդակում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և դրանց հասցեագրման գործնական մոտեցումները։

Ծրագիրն իրականացվում է ԹԻՀԿ-ի կողմից՝ ԹԻ Էստոնիայի և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի աջակցությամբ և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համագործակցությամբ, և նպատակ ունի աջակցել Հայաստանում տեղական ինքնակառավարման մակարդակում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը՝ տեղական համատեքստին հարմարեցված կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության ներդրման միջոցով։

Աշխատաժողովը բացվեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի դեսպան Ն․Գ․ Մարգե Մարդիսալու-Կահարի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի ողջույնի խոսքով։ Բանախոսներն ընդգծեցին տեղական ինքնակառավարման համակարգում բարեվարքության, թափանցիկության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումների առաջմղման գործում միջազգային համագործակցության նշանակությունը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Էստոնիայի փորձագետ Աիվե Պեվկուրը մասնակիցներին ներկայացրեց բարեվարքության խթանման և կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Էստոնիայի փորձը և քաղված դասերը։ Այնուհետև աշխատաժողովը շարունակվեց նպատակների, ակնկալվող արդյունքների, նախատեսվող գործողությունների և տեղական ինքնակառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության ներկայացմամբ։ Այս հատվածը վարեցին ԹԻՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կոռուպցիոն ռիսկերի գնահատման վարչության պետ Տաթև Ասրյանը։

Գործնական աշխատանքների ընթացքում մասնակիցներն աշխատեցին տեղական համատեքստին հարմարեցված կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցաշարի շուրջ՝ քննարկելով դրա գործնական կիրառման հնարավորությունները, տեղական ինքնակառավարման գործընթացներում առաջացող ռիսկերի տեսակները, ինչպես նաև այն, թե ինչպես կարող են համայնքները գնահատման արդյունքներն օգտագործել բարեվարքության և հակակոռուպցիոն ավելի արդյունավետ ծրագրեր մշակելու համար։ Երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր հարցաշարի շուրջ գործնական աշխատանքին, որի ընթացքում մասնակիցները շարունակեցին վերանայել և փորձարկել գործիքը, քննարկել դրա կիրառելիությունը իրենց համայնքներում, փոխանակել կարծիքներ և ավելի խորությամբ հասկանալ կոռուպցիոն ռիսկերի գնահատման դերը տեղական ինքնակառավարման բարելավման գործում։

Աշխատաժողովն ամփոփվեց հաջորդ քայլերի ներկայացմամբ և քննարկմամբ, ինչպես նաև հավաստագրերի հանձնմամբ։ Ամփոփիչ հատվածը վարեցին Արմեն Խուդավերդյանը, Տաթև Ասրյանը և Աիվե Պեվկուրը։ Աշխատաժողովը կարևոր առաջին քայլ էր համայնքային մակարդակում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգված և տեղական համատեքստին հարմարեցված մոտեցման ներդրման ուղղությամբ։

Ծրագիրը նպաստում է բարեվարքության, թափանցիկության և հաշվետու տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում։