ՀՀ դատախազության գործունեության գնահատման արդյունքների ներկայացում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել է Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության գնահատման զեկույցի ներկայացումը, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հետազոտության հիմնական արդյունքները։
Ուսումնասիրությունն իրականացվել է ԹԻՀԿ-ի կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ։ Հետազոտության նպատակն էր գնահատել ՀՀ դատախազության գործունեության համապատասխանությունը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից բխող պահանջներին, ինչպես նաև «Հակակոռուպցիոն մարմինների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությամբ» սահմանված սկզբունքներին։
Հետազոտությունն ընդգրկել է 2021–2024 թվականների ժամանակահատվածը։
Դատախազության գործունեությունը գնահատվել է 48 ցուցանիշների հիման վրա՝ ներառելով հետևյալ ոլորտները՝
- անկախություն,
- ֆինանսական և մարդկային ռեսուրսների ապահովվածություն,
- հաշվետվողականություն և ներքին բարեվարքություն,
- կոռուպցիոն հանցագործությունների հետապնդում,
- կոռուպցիայի կանխարգելում,
- կրթություն և իրազեկում,
- միջազգային համագործակցություն։
Հետազոտության արդյունքներով ամենաբարձր գնահատականները ստացել են անկախությունը (77.7%) և ֆինանսական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը (68.7%)։ Միջին գնահատականներ են արձանագրվել կոռուպցիոն հանցագործությունների հետապնդման (44.4%), հաշվետվողականության և ներքին բարեվարքության (44.4%), ինչպես նաև արտաքին համագործակցության (50%) ոլորտներում։ Ամենացածր գնահատականը գրանցվել է կանխարգելման, կրթության և իրազեկման ոլորտում (21.4%)։
Ջակարտայի հակակոռուպցիոն սկզբունքներին համապատասխանության ընդհանուր մակարդակը կազմել է 66.2%։ Այս շրջանակում ամենացածր գնահատականներն արձանագրվել են արտաքին հաշվետվողականության, հանրային հաղորդակցության և համագործակցության ոլորտներում։
Զեկույցում ներկայացված են նաև մի շարք առաջարկություններ՝ ուղղված դատախազների ընտրության գործընթացի թափանցիկության բարձրացմանը, իրավական դաշտի բարելավմանը և ինստիտուցիոնալ անկախության պահպանմանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դատախազության ներկայացուցիչներ, տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
ԹԻՀԿ-ը կհամակարգի ներկայացված առաջարկությունները, իսկ զեկույցը շուտով կհրապարակվի կազմակերպության պաշտոնական կայքում։
















