Ներկայացվեցին Երևանում հանրային տարածքների կառավարման մոնիտորինգի արդյունքները
Հունվարի 30-ին տեղի ունեցավ Երևանում հանրային տարածքների կառավարման մոնիտորինգի արդյունքների ներկայացումը և քննարկումը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, արձանագրված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ մշակված առաջարկությունները, ինչպես նաև ապահովել մասնագիտական և ինստիտուցիոնալ քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ոլորտային փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ներկայացուցիչներ։
Միջոցառումը բացեց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ ընդգծվելով է հանրային տարածքների կառավարման ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային վերահսկողության կարևորությունը։ Նա բարձր գնահատեց երիտասարդները ներգրավվածությունը այս ծրագրում, շնորհակալություն հայտնելով երիտասարդ մոնիտորներին իրականացված աշխատանքի, հետևողականության և նվիրվածության համար։
Աշխատանքներն իրականացվել են 14 մոնիտորների մասնակցությամբ, որոնք ներգրավված են եղել փաստաթղթային ուսումնասիրություններում, դաշտային դիտարկումներում և տվյալների հավաքագրման գործընթացում։
Ուսումնասիրությունների նպատակներից էր ոչ միայն ոլորտային խնդիրների բացահայտումը, այլև երիտասարդների ներգրավումը հանրային վերահսկողության գործընթացներում, նրանց կարողությունների զարգացումն ու քաղաքացիական մասնակցության խթանումը։
Քննարկման ընթացքում ներկայացվել և քննարկվել են չորս մոնիտորինգային ուղղությունների արդյունքները՝
- Երևանի քաղաքում բակային տարածքների բարեկարգման աշխատանքների մոնիտորինգ,
- Հանրային կանաչ տարածքների վարձակալության և խնամքի մոնիտորինգ,
- Հանրային այգիների և պուրակների վերանորոգման աշխատանքների մոնիտորինգ,
- Կանաչապատման, ծառատունկի և ծառահատման աշխատանքների մոնիտորինգ։
Յուրաքանչյուր թեմայով ներկայացվել են մոնիտորինգի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրները, իրականացված աշխատանքների գնահատումները և մշակված առաջարկությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կառավարման, վերահսկողության, գնումների գործընթացների և հանրային մասնակցության հետ կապված հարցերին։
Ներկայացումների ավարտին տեղի են ունեցել հարցուպատասխաններ և բաց քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկները։ Քննարկումները հնարավորություն են տվել ապահովել փորձի փոխանակում և ձևավորել ընդհանուր պատկեր հանրային տարածքների կառավարման ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ։
Իրականացված մոնիտորինգի և հանրային քննարկումների նպատակն է աջակցել Երևանի քաղաքապետարանին և այլ պատասխանատու մարմիններին՝ հանրային տարածքների կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության ամրապնդման և հանրային վերահսկողության զարգացմամբ պայմանավորված բարելավումների ուղղությամբ։











