Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց Երևանի և մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մեդիա ներկայացուցիչների համար՝ նվիրված ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների չարաշահման խնդիրներին։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են վարչական ռեսուրսների չարաշահման հիմնական տեսակներին և դրսևորումներին ընտրական գործընթացներում, ուսումնասիրել են դրանց ճանաչման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմները՝ հիմնվելով Հայաստանի իրավական դաշտի և միջազգային սկզբունքների վրա։

Տեսական հատվածը ներառել է վարչական ռեսուրսների տեսակների, դրանց կիրառման հիմնական ձևերի, ինչպես նաև միջազգային չափանիշների և ազգային օրենսդրական կարգավորումների ներկայացում։ Գործնական հատվածի ընթացքում մասնակիցները մասնակցել են խմբային և գործնական աշխատանքների, որոնց շրջանակում վերլուծել են վարչական ռեսուրսների չարաշահման կոնկրետ դեպքեր, սովորել են տարբերակել վարչական ռեսուրսների չարաշահման ձևերը։

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք են բերել գործնական գիտելիքներ և հմտություններ վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերի ճանաչման, փաստագրման և մոնիթորինգի իրականացման, ինչպես նաև նման դեպքերին արձագանքելու արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ։

Դասընթացը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։