2025 թվականի դեկտեմբերի 11-ին ԹԻՀԿ-ը մասնակցային քաղաքականության մշակման օրենսդրական մեխանիզմների վերաբերյալ պանելային քննարկում կազմակերպեց՝ հիբրիդային ձևաչափով: Միջոցառմանը մասնակցեցին պետական ​​մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, ՔՀԿ-ներ և միջազգային կազմակերպություններ:

Միջոցառման նպատակն էր քննարկել օրենսդրական գործընթացի տարբեր փուլերում հանրային մասնակցության առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները, ներկայացնել ՔՀԿ-ների առաջարկները համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ և հավաքագրել շահագրգիռ կողմերի կարծիքները այդ առաջարկների շուրջ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և ԹԻՀԿ խոսնակները ներկայացրեցին իրենց փորձը և տեսակետները մասնակցային կառավարման առկա բացերի և համապատասխան միջազգային պրակտիկայի վերաբերյալ, ինչպես նաև որոշումների կայացման վաղ փուլերում և խորհրդարանի իրավաստեղծ գործընթացներում մասնակցությունը բարելավելու ուղղությամբ առաջարկությունները: Վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետը, որը նույնպես հանդես եկավ որպես պանելային քննարկման խոսնակ, ներկայացրեց կառավարության կողմից իրականացված բարեփոխումները և մասնակցային կառավարման մեխանիզմների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ելույթներից հետո միջոցառման մասնակիցները ակտիվ քննարկում ծավալեցին տարբեր հարցերի, այդ թվում՝ համայնքային մակարդակում հանրային քննարկումների, իրավական նախագծերի միասնական հարթակի, հասարակական խորհուրդների ընտրության չափանիշների, իրավաստեղծ գործընթացում հանրության ներգրավման խոչընդոտների և այլ հարցերի վերաբերյալ։

Միջոցառումը կարևոր հարթակ ծառայեց կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև երկխոսության համար՝ ընդգծելով բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը իրավաստեղծ գործընթացներում հանրության իմաստալից և արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար։