Հրապարակվել է Վաղարշապատ համայնքի 2025 թ․ ավագանու ընտրությունների ամփոփիչ զեկույցը
Հրապարակվել է Վաղարշապատ համայնքի 2025 թվականի ավագանու ընտրությունների «Ականատես» դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։ Ընտրությունները անցկացվել են վարչատարածքային միավորման, քաղաքական բևեռվածության, կոռուպցիոն սկանդալի և հանրային սպասումների աճի պայմաններում, ինչը մեծացրել էր ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության և թափանցիկության պահանջը։
«Ականատես» դիտորդական առաքելության իրականացրած դիտարկումը ներառել է ոչ միայն քվեարկության օրվա գործընթացները, այլև ամբողջ նախընտրական շրջանը՝ ընդգրկելով ընտրական վարչարարությունը, նախընտրական քարոզչությունը, կուսակցությունների ֆինանսավորումը և ներգրավված դերակատարների վարքագիծը։ Դիտարկման նպատակն էր ապահովել ընտրական գործընթացի ամբողջական և բազմակողմանի գնահատում։
«Ականատես» դիտորդական առաքելությունը շնորհակալություն է հայտնում դիտորդական գործընթացում ներգրավված բոլոր դիտորդներին, համակարգողներին, իրավաբաններին և այլ մասնագետներին, որոնց նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել արդյունավետ և բարձրորակ դիտորդական առաքելություն։
Դիտորդությունը իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Արտահայտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության դիրքորոշումները։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

