Ամփոփվեց հակակոռուպցիոն 12-րդ դպրոցը
Հրաժեշտ տվեցինք մեր արդեն 12-րդ հակակոռուպցիոն դպրոցի 22 մասնակիցներին, որոնք ներկայացնում էին տարբեր պետական կառույցներ և պատրաստ են դպրոցի ընթացքում ձեռք բերված նոր գիտելիքներն ու հմտությունները կիրառել իրենց աշխատանքում՝ ուժեղացնելու հակակոռուպցիոն գործընթացները ներսից։
Վեցօրյա դասընթացը միավորել էր առաջատար երիտասարդ մասնագետներին՝ քննարկելու կոռուպցիայի հիմնական դրսևորումները պետական բյուջեի, հարկային համակարգի և հանրային գնումների ոլորտներում, քաղաքական կոռուպցիան, և հետաքննական լրագրության դերը հակակոռուպցիոն պայքարում։ Քննարկվեց նաև միջազգային լավագույն փորձն ու ձախողումները հակակոռուպցիոն քաղաքականություններ մշակելիս։
Եզրափակիչ օրը անցավ «Կոռումպաստան» ինտերակտիվ խաղի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները մշակեցին օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, հակակոռուպցիոն գործակալության մոդել, իրազեկման արշավներ և քաղաքացիական հասարակության ներգրավման տարբեր ուղիներ՝ ձևավորելով համապարփակ հակակոռուպցիոն ռազմավարություն։
Հակակոռուպցիոն 12-րդ դպրոցը կազմակերպվել էր Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
















