Օրենսդրական փոփոխություններ՝ ոստիկանության կողմից կենսաչափական հսկողությունը ընդլայնելու նպատակով
Այս տարվա մարտին ընդունված «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները հնարավորություն կտան Ներքին գործերի նախարարությանը ողջ հանրապետությունում իրական ժամանակում հեռավար կենսաչափական հսկողության համակարգ գործարկել, ինչը ռիսկային է գաղտնիության, խաղաղ հավաքների և խտրականությունից զերծ մնալու իրավունքների տեսանկյունից։
Հայաստանի Ազգային ժողովը փոփոխություններ է ընդունել «Ոստիկանության մասին» օրենքում, որոնք Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) թույլ են տալիս շուրջօրյա հասանելիություն ունենալ ողջ երկրի տարածքում իրական ժամանակում կենսաչափական հսկողության ցանցի՝ հանրային շենքերի արտաքին հատվածներում, տրանսպորտում և ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկներին, որոնք համալրված կլինեն դեմքի ճանաչման տեխնոլոգիայով։ Օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 9-ից։ Թեև այս քայլը ներկայացվում է որպես հանրային անվտանգության միջոցառում, օրենքը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Այն չունի իրավական պաշտպանության հստակ երաշխիքներ, հանրային վերահսկողություն և արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների պատշաճ կարգավորում։ Այդպիսով, այն վտանգում է մասնավոր կյանքի գաղտնիության, խաղաղ հավաքների և խտրականությունից զերծ լինելու իրավունքները, որոնք սահմանված են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերով։
Հանրային տարածքներում սահմանվում է կենսաչափական հսկողություն
Օրենսդրական փոփոխությունների ընդունումը բազմափուլ օրենսդրական գործընթացի արդյունք է, որը սկսվել է 2024 թվականին և ուղեկցվել հանրային դժգոհությամբ և կառավարության փոփոխվող մոտեցումներով։ Ինչպես նշվել է մեր նախորդ հրապարակման մեջ, 2024 թվականի սկզբին ՆԳՆ-ն ներկայացրել էր մի օրինագիծ, ըստ որի մասնավոր ընկերությունները պարտավոր էին տեսախցիկներ տեղադրել իրենց շենքերի արտաքին հատվածներում և այդ տեսախցիկներին շուրջօրյա հասանելիություն տրամադրել ոստիկանությանը։ ՔՀԿ-ները և միջազգային դիտորդները անմիջապես քննադատեցին այս նախաձեռնությունը՝ այն դիտարկելով որպես անհամաչափ միջամտություն մասնավոր կյանքին։ Ընդհանուր քննադատության ֆոնին նախարարությունը ժամանակավորապես կասեցրեց նախաձեռնության ընթացքը։
Սակայն այս տարի պատգամավորները նույն նպատակով ներկայացրեցին նոր նախագիծ՝ նեղացնելով հսկողության ծածկույթը և սահմանափակվելով միայն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վրա և կայանատեղերում տեսախցիկների տեղադրմամբ։ 2025 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց նախագիծը խորհրդարանում՝ նշելով, որ այն անհրաժեշտ է հանցագործություններին արագ արձագանքելու և դրանք կանխարգելելու համար։ 2025 թվականի մարտին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունները՝ միայն իշխող խմբակցության «կողմ» ձայներով։
Նոր օրենքը ՆԳՆ-ին թույլ է տալիս իրական ժամանակում հասանելիություն ունենալ հետևյալ վայրերում տեղադրված հսկողության համակարգերին՝
- Պետական և համայնքային շենքեր, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մշակութային հաստատություններ,
- Օդանավակայաններ և սահմանի անցակետեր (բացառությամբ պաշտպանության և հատուկ ծառայությունների տարածքների),
- Հանրային ավտոկայանատեղեր, ներառյալ՝ մասնավոր կապալառուների կողմից կառավարվող տարածքներ,
- Հանրային տրանսպորտ՝ ավտոբուսներ և մետրոպոլիտեն։
Տեսախցիկները համալրված են դեմքերի ճանաչման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով նույնականացնել անձանց։ Ըստ պատգամավոր Սարգսյանի՝ համակարգը կբացահայտի ինչպես ծանր հանցագործություններ, այնպես էլ փոքր խախտումներ՝ ավտոմատ կիրառելով վարչական պատասխանատվություն։
Օրենքը նախատեսում է որոշակի երաշխիքներ, սակայն կենսաչափական հսկողությունը դեռևս չունի բավարար պաշտպանություն
Հայաստանում ԱԲ-ի, այդ թվում՝ դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների կիրառման իրավական շրջանակը թերի է։ Չկան չափանիշներ՝ ռիսկերը գնահատելու, իրավունքները պաշտպանելու, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։ Միակ իրավական դրույթը, որը վերաբերում է կենսաչափական հսկողությանը, տեղ է գտել «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխված 19-րդ հոդվածում։ Այս հոդվածը մի շարք երաշխիքներ է նախատեսում՝ ապահովելու հսկողության համակարգերի թափանցիկ և հաշվետու կիրարկումը՝ օրինակ՝ լիազորված անձանց հստակ նույնականացում, համակարգ յուրաքանչյուր մուտքի գրանցում, տեսանյութերի ներբեռնման ժամանակի ֆիքսում, ինչպես նաև խախտումների համար պատասխանատվության հստակեցում։ Սա առաջընթաց է՝ ՆԳՆ կողմից առաջարկված նախորդ տարբերակի համեմատ, որն այդպիսի մեխանիզմներ չէր ներառում։ Այնուամենայնիվ, մի շարք խնդրահարույց դրույթներ կարող են վտանգել մարդու իրավունքների պաշտպանությունը, եթե պատշաճ վերահսկողության մեխանիզմներ չսահմանվեն։ Օրինակ, փոփոխված օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը «տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու անձանց նույնականացում բացառապես այն դեպքերում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում», ինչը չափազանց ընդհանուր ձևակերպում է։ Սա ոստիկանությանը լայն հայեցողություն է տրամադրում և հնարավորություն տալիս կենսաչափական հսկողություն կիրառել ոչ միայն ծանր հանցագործությունների, այլ նաև վարչական փոքր խախտումների՝ օրինակ՝ աղբ թափելու դեպքում։ Սա մտահոգություններ է առաջացնում համաչափության և լիազորությունների չարաշահման վերաբերյալ։ Բացի այդ, համակարգը հակասում է մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, ներառյալ ՄԻԵԴ որոշումները, ԵՄ ԱԲ կանոնակարգերը, ԵԽ կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից ներկայացված դիրքորոշումները, որոնք կոչ են անում մեծապես սահմանափակել կամ դադարեցնել կենսաչափական հսկողությունը հանրային տարածքներում։
Մտահոգիչ է նաև այն, որ օրենքով նախատեսված հիմնական դրույթների կիրառման մանրամասները կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով՝ օրինակ՝ նախարարի որոշումներով, այլ ոչ թե ամրագրված են օրենքում։ Սա չի համապատասխանում միջազգային լավագույն սկզբունքներին և խաթարում է թափանցիկությունն ու իրավական կանխատեսելիությունը։
Ինչ ազդեցություն կունենա այս զարգացումը մարդկանց կյանքի վրա
Իրական ժամանակում կենսաչափական հսկողության ներդրումը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքացիների վրա՝ զսպող հանգամանք դառնալով հանրային մասնակցության և արտահայտման ազատության տեսանկյունից։ Հանրային տարածքները՝ հատկապես պետական հաստատությունների, դպրոցների, հիվանդանոցների և մշակութային հաստատությունների շրջակայքը, մշտական տեսանկարահանման դաշտում կհայտնվեն՝ դեմքերի ճանաչման համակարգով։ Սրանք այն վայրերն են, որտեղ քաղաքացիները սովորաբար հավաքվում են իրենց դժգոհությունը արտահայտելու, հաշվետվողականություն պահանջելու և խաղաղ հավաքներ իրականացնելու համար։ Ըստ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» վերլուծության՝ դեմքերի ճանաչման համակարգերի կիրառումը անխուսափելիորեն կհանգեցնի մարդու իրավունքների խախտումների՝ ներառյալ՝ անձնական կյանքի գաղտնիության և խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը։ Գործնականում սա կարող է վախեցնել մարդկանց մասնակցել բողոքի ակցիաներին, քաղաքացիական նախաձեռնություններին կամ նույնիսկ հանրային հավաքներին։ Ակտիվիստները, լրագրողները և ընդդիմադիր խմբերը կարող են խուսափել նման վայրերում միջոցառումներ կազմակերպելուց՝ վախենալով հետապնդումներից կամ խարանման ռիսկերից։
Այսպիսով
Չնայած օրենքը ընդլայնում է վերահսկողության լիազորությունները, այն չունի բավարար իրավական, ինստիտուցիոնալ կամ բարոյական երաշխիքներ։ Օրենքի լայն կիրառելիությունը, սահմանափակ վերահսկողությունը և իրավական անորոշ ձևակերպումները վտանգում են ժողովրդավարական նորմերը։ Հնարավոր է, որ այս համակարգը գործնականում ծառայի վերահսկողության, այլ ոչ թե պաշտպանության նպատակով՝ նպաստելով քաղաքացիական մասնակցության նվազմանը և խտրական գործելակերպի խորացմանը։ Քանի որ օրենքը չի ենթարկվել մարդու իրավունքների ռիսկի գնահատման կամ ներկայացվել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից փորձագիտական կարծիքի, 2025 թվականի օգոստոսի 9-ից դրա ուժի մեջ մտնելը լուրջ մտահոգություններ է հարուցում։ Որպեսզի օրենքը համապատասխանի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և ժողովրդավարական սկզբունքներին, ՔՀԿ-ները առաջարկել են չեղյալ համարել օրենսդրական փոփոխությունները կամ հետաձգել դրանց կիրառումը՝ ներկայացնելով դրանք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին մասնագիտական կարծիք ստանալու նպատակով։ Այս գործընթացը կարևոր է հիմնարար իրավունքները պաշտպանելու և ժողովրդավարական արժեքները չխաթարելու համար։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ Հայաստանում կներդրվի զանգվածային հսկողության պրակտիկա, որն անհամատեղելի է ժողովրդավարության և իրավունքի գերակայության հետ։ «ՔՀԿ չափիչ» Հայաստանի 2024 թվականի զեկույցի՝ անձնական տվյալների պաշտպանության և հսկողության գործունեության թափանցիկ ու հաշվետու մեխանիզմների վերաբերյալ առաջարկները կարող են օգտակար ուղեցույց լինել՝ հավասարակշռված և մարդու իրավունքները պաշտպանող քաղաքականություն մշակելու համար։
Մանրամասները հասանելի են ՔՀԿ չափիչի կայքում։