Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ 2024» թվականի տարածաշրջանային զեկույցը, ըստ որի 2021 թվականին ՔՀԿ չափիչի առաջին գնահատումից ի վեր՝ տարածաշրջանում քաղաքացիական հասարակության միջավայրը գտնվում է ամենացածր կետում։

2024 թվականին Արևելյան գործընկերության տարածաշրջանում իրավիճակն անկայուն էր՝ պատերազմի, հակամարտության, ջրհեղեղների, հասարակության բևեռացման և ընտրություններին միջամտության պատճառով, իսկ քաղաքացիական հասարակությունը նորանոր իրավական սահմանափակումների ենթարկվեց։ Չնայած այս մարտահրավերներին՝ ՔՀԿ-ները շարունակում են կարևոր դերակատար լինել ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում, մասնավորապես՝ ջատագովելով հանրային մասնակցությանը աջակցող, թափանցիկությունը բարելավող և տվյալների պաշտպանությունը խթանող օրենսդրության ընդունումը։ Բացի այդ, ՔՀԿ-ներն աջակցել են երկրների կայունությանը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի նախաձեռնությունների, խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու և երկխոսություն խթանելու միջոցով։ Սահմանափակող միջավայրերում ՔՀԿ-ները կարևոր դեր են խաղացել մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ սկսած վերահսկողությանը դիմադրելուց և հավաքների ազատության իրավունքը պաշտպանելուց մինչև խախտումների համար պատասխանատվություն պահանջելը և պայքարը ֆինանսավորման հասանելիության բարելավման համար։ Վրաստանը, Ադրբեջանը և Բելառուսը շարունակել են քայլեր ձեռնարկել քաղաքացիական հասարակությունը սահմանափակելու և ժողովրդավարական ձայներն ու նախաձեռնությունները ճնշելու ուղղությամբ։ Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը հավատարիմ են մնացել Եվրամիությանը ինտեգրվելու իրենց ընտրած ուղուն և ընդհանուր առմամբ քաղաքացիական հասարակության հետ դրական համագործակցություն են ապահովել։ Քանի որ տարածաշրջանը շարունակում է բախվել անվտանգության մարտահրավերների, ՔՀԿ-ների՝ որպես կայունության և ժողովրդավարության հենասյուների հզորացումը շարունակում է կենսական նշանակություն ունենալ։

2024 թվականի տարածաշրջանային զեկույցը մշակվել է վեց երկրների զեկույցների հիման վրա, որոնք ներկայացնում են ՔՀԿ չափիչի փորձագիտական խմբի կողմից իրականացված շարունակական մոնիտորինգի և քաղաքացիական հասարակության միջավայրի համապարփակ վերլուծության արդյունքները: Զեկույցի առաջարկներն ուղղված են կառավարություններին, ԵՄ հաստատություններին և դոնորներին՝ աջակցելու նրանց քաղաքացիական հասարակության միջավայրն ամրապնդելու համար իմաստալից քայլեր ձեռնարկելու հարցում:

Տարածաշրջանային զեկույցում երեք առաջնահերթություն է ընդգծվել՝ որպես անհապաղ ուշադրություն պահանջող.

  • Ապահովել անվտանգ տարածք, պաշտպանել քաղաքացիական ազատությունները և դադարեցնել քաղաքացիական հասարակության նկատմամբ բոլոր տեսակի ճնշումները,
  • Աջակցել քաղաքացիական հասարակության կայունությանը և գոյատևմանը,
  • Խթանել անվտանգությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ ներդրում կատարելով կայուն գործընկերության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության մեջ։

Ըստ զեկույցի, Հայաստանը Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներում առաջատար դիրք է գրավում ըստ քաղաքացիական հասարակության միջավայրի ընդհանուր գնահատականի՝ Մոլդովայի հետ միասին, իսկ Ուկրաինան աննշան տարբերությամբ հաջորդում է այս երկրներին։ Միևնույն ժամանակ, Հայաստանը զգալիորեն հետ է մնում Մոլդովայից և Ուկրաինայից ՔՀԿ չափիչի «Պետական աջակցություն» և «Պետություն-ՔՀԿ համագործակցություն» ոլորտներում։ Այս ոլորտների հիմնախնդիրները հիմնականում կապված են ՔՀԿ-ների ու նվիրատուների համար ոչ այնքան բարենպաստ հարկային միջավայրի և ՔՀԿ դաշտի զարգացման ռազմավարական մոտեցան բացակայության հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար ներբեռնեք «ՔՀԿ չափիչ 2024» տարածաշրջանային զեկույցը։

«ՔՀԿ չափիչ Հայաստան» 2024 թվականի զեկույցը կարող եք գտնել այստեղ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։