Ս. թ. նոյեմբերի 13-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և խորհրդի անդամ Սոնա Այվազյանը մասնակցել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած «Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգ Հայաստանում» զեկույցի ներկայացմանը: Նրանք հանդես են եկել մոնիթորինգի 23 անդամներից բաղկացած խմբի կազմում, որը 2008թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2009թ. հունիսի 30-ը իրականացրել է շուրջ 110 դիտորդություն, հիմնականում` Երևան քաղաքում: Ամալյա Կոստանյանը նաև խորհուրդներ ու առաջարկություններ է ներկայացրել զեկույցը կազմելիս: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից` ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչները, արտասահմանցի և տեղացի փորձագետներն իրենց տեսակետներն են արտահայտել հավաքների ազատության մոնիթորինգի վերաբերյալ, որի ընթացքում կիրառվել են օրենսդրական վերլուծություն, փաստաթղթերի ուսումնասիրություն, դիտարկում:

Մոնիթորինգը նաև անդրադարձել է ուժի կիրառմանն ու բռնություններին: Այնուամենայնիվ, Ամալյա Կոստանյանի կարծիքով այն դեռևս ամբողջությամբ չի արտացոլում բռնության այն բոլոր դեպքերը, որոնց իրենք ականատես ենք եղել ոչ միայն որպես դիտորդ, այլ որպես քաղաքացի: Խաղաղ հավաքների ազատության վիճակը Հայաստանում տխուր է, իսկ իշխանություններն այնքան թույլ են, որ վախենում են մարդկանց բողոքից կամ ընդհանրապես այլակարծությունից: