Բեռլին, 11 փետրվարի, 2025 թ. - Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից այսօր հրապարակված 2024 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ)՝ կոռուպցիայի համաշխարհային մակարդակը շարունակում է մնալ անհանգստացնող բարձր, իսկ այն նվազեցնելու ջանքերը՝ գնալով թուլացող։ Զեկույցը բացահայտել է կոռուպցիայի անհանգստացնող մակարդակներ ամբողջ աշխարհում. երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա 50 միավորից ցածր են։ Համաթվի համաշխարհային միջին ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 43 միավոր, ինչն ընդգծում է կոռուպցիայի դեմ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը և ահազանգում կլիմայական արդյունավետ գործողությունների իրականացման գլոբալ որոշիչ խոչընդոտի մասին։

Ջերմաստիճանային նորանոր ռեկորդներով ուղեկցվող գլոբալ տաքացման և անոմալ եղանակային երևույթների, ժողովրդավարության քայքայման և կլիմայական գլոբալ առաջնորդության անկման պայմաններում աշխարհը կլիմայական ճգնաժամի դեմ իր պայքարում հայտնվել է փակուղում։ Կոռուպցիան այս պայքարը դարձնում է շատ ավելի դժվար, և միջազգային հանրությունը պետք է անդրադառնա կոռուպցիայի և կլիմայական ճգնաժամի միջև եղած կապին։

ԿԸՀ 2024-ի տվյալները ցույց են տալիս, որ միջազգային կլիմայական գործողություններում առավել ակտիվ ներգրավված երկրների մեծ մասը՝ ներառյալ կլիմայի փոփոխությունից խոցելի երկրները և միջազգային գագաթնաժողովները, մասնավորապես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP) հյուրընկալող երկրներն ունեն ցածր և/կամ նվազող ԿԸՀ ցուցանիշներ։ Կոռուպցիան խոչընդոտում է կլիմայական արդյունավետ գործողություններին՝ սահմանափակելով հավակնոտ քաղաքականությունների որդեգրումը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի վերջերս հրապարակված զեկույցն ընդգծում է նավթային և գազային ոլորտի լոբբիստների նշանակալի ազդեցությունը COP-ի նման միջոցառումներում, որն իր ազդեցությունն է ունենում նաև աշխարհի քաղաքական կենտրոնների վրա։

2024թ․ Կոռուցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) մանրամասներին կարող եք ծանոթանալ այս էջում։