«Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» հանրային վերահսկողության ուղեցույցի շնորհանդեսը
ԹԻՀԿ-ը, համագործակցելով ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի (IFES) հայաստանյան գրասենյակի հետ ամփոփում է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագիրը, որն ուղղված էր կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ այս համատեղ նախաձեռնության շրջանակներում մշակվել է «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» հանրային վերահսկողության ուղեցույցը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին Երևանում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և IFES Հայաստանի տնօրեն Ժերոմ Լեյրոն:
Շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի քաղաքական կուսակցություններից, պետական կառույցներից և հասարակական կազմակերպություններից։
ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ Տիգրան Մուղնեցյանը ներկայացրեց «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» ուղեցույցի մշակման գործընթացը։ Այնուհետև, ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի քաղաքական ֆինանսավորման բաղադրիչի պատասխանատու և իրավախորհրդատու Հասմիկ Տիգրանյանը ներկայացրեց ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն և գլոբալ քաղաքական ֆինանսավորման ավագ խորհրդական դոկտոր Մագնուս Օհմանի հեղինակած «Անվճար քվե. քարոզարշավի ֆինանսավորման քաղաքացիական մոնիտորինգի գլոբալ ուղեցույցը», որը վերջերս նաև հայերեն է թարգմանվել։
Այս ուղեցույցները նպատակ ունեն աջակցել Հայաստանում քաղաքական գործընթացներով հետաքրքրված քաղաքացիական հասարակության կառույցներին, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հետազոտողներին՝ իրականացնելու հանրային վերահսկողություն կուսակցությունների ֆինանսների և նախընտրական քարոզարշավների նկատմամբ։
Ներկայացումներին հաջորդեց քննարկում և հարցուպատասխան։ «Կուսակցությունները և ֆինանսները Հայաստանում» հանրային վերահսկողության ուղեցույցը շուտով հասանելի կլինի ԹԻՀԿ կայքում։
Սույն նախաձեռնությունը իրականացվում էր Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ ՄԹ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ՝ որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ հաստատության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի մաս: