Ապրիլի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գործընկերներ կազմակերպությունների՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ զեկույց է ուղարկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ՝ ներկայացնելով 2023թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:

Ամեն տարի նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակում է ատելության հանցագործության մասին իր զեկույցը, որը ճանաչվել է որպես ատելության հանցագործությունների վերաբերյալ ամենամեծ տվյալների բազան ամբողջ աշխարհում: Այս զեկույցն իրենից ներկայացնում է ատելության հանցագործությունների ընդարձակ ակնարկ, որոնք արձանագրվել են պետությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ-ի 57 մասնակից պետություններում:

Զեկույցում քաղաքացիական հասարակության ներգրավվածություննառաջնային է, քանի որ այն օգնում է բացահայտել պետությունների պաշտոնական հաշվետվություններում առկա անհամապատասխանությունները և ծառայում է որպես կարևոր գործիք պետությունների և միջազգային կազմակերպությունների համար՝ բարելավելու ատելության հանցագործության դեմ ուղղված պայքարի քաղաքականությունը և աջակցելու զոհերին:

Հայաստանյան ՀԿ-երի կողմից ներկայացված զեկույցը ներկայացնում է Ադրբեջանի հայատյաց գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակման և զանգվածային տեղահանման, ինչպես նաև տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Բացի այդ, այն բացահայտում է ատելության քարոզչությունը և Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանը դիտարկելով որպես Արևմտյան Ադրբեջան: