Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ն իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դատարան էր դիմել անցած տարեվերջին՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի այն գործողությունը, որով մերժվել էր ԹԻՀԿ դիտորդի մասնակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին։ ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։ Գործը (ՎԴ/10353/05/23) քննել է դատավոր Աննա Դիլբարյանը։
2023 թ.-ի հոկտեմբերի 31-ին ԹԻՀԿ-ը դիմել էր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին՝ խնդրելով, որ իր ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով մասնակցի ԿԿՀ անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը մերժել էր դիտորդի մասնակցութունը՝ հղում անելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 14-րդ կետի դրույթին, ըստ որի՝ բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից՝ այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում: Այս պատասխանից հետո ԹԻՀԿ-ը նույն պահանջով դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ այս անգամ նաև հղում կատարելով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներին և աշխատակազմի մերժումը որակելով ոչ իրավաչափ։ Այնուամենայնիվ, անգամ համապատասխան դատական նախադեպերին ծանոթանալուց հետո ԱԺ աշխատակազմը կրկին մերժել էր ԹԻՀԿ-ի դիմումը՝ համարելով, որ համապատասխան իրավական դիրքորոշումները կիրառելի են միայն դատարանում և վերաբերելի չեն այս դեպքին։
Հավելենք, որ բավարարելով և հիմնավոր համարելով ԹԻՀԿ-ի պահանջը՝ դատարանն իր վճռով դիրքորոշում է հայտնել, որ դիմողի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը սահմանափակվել է օրենքով նախատեսված չլինելու պայմաններում։ Բացի դրանից՝ դատարանի վճռից բխում է, որ դիտորդի մասնակցությունը չէր կարող մերժվել՝ մրցութային կարգի դրույթի հիման վրա, քանի որ նշված կարգը նորմատիվ-իրավական ակտ չէ, ուստի դրանով ամրագրված սահմանափակումը հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով սահմանափակելու օրենքով նախատեսված պայման չէ։ Ըստ դատարանի՝ սահմանափակման հիմք չէր կարող լինել նաև այն պնդումը, որ հարցազրույցի ընթացքում կարող են բացահայտվել պաշտոնին հավակնող անձի ընտանեկան և անձնական կյանքին վերաբերող տվյալներ, քանի որ խոսքը պետական պաշտոն զբաղեցնել հավակնելու մասին է, իսկ այդ ընթացակարգը ժողովրդավարական հասարակությունում պետք է լինի բաց և թափանցիկ։ Դատարանը շեշտել է, որ խնդրո առարկա տեղեկությունները չեն կարող ենթակա լինել պաշտպանության որպես անձնական տվյալներ այնքանով, որքանով դրանք վերաբերում են ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին, այլ նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին: